Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ, ՖՈՏՈՇԱՐՔ. ՀԱԿ-ը պահանջում էր մաքրել Երևանը ՀՀԿ-ից. ոստիկանները խոչընդոտում էին

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ, ՖՈՏՈՇԱՐՔ. ՀԱԿ-ը պահանջում էր մաքրել Երևանը ՀՀԿ-ից. ոստիկանները խոչընդոտում էին

«Տարոն, ատկատ եղիր», «Տարոն, դատվելու ես», «Ոչ FAKE քաղաքապետին», «Ոչ հանցագործ ՀՀԿ-ին», «Երևան, RESTART», «Մաքրենք Երևանը ՀՀԿ-ից», «Ազատեք հանրային տարածքները միշիկներից», «Տարոն = Նեմեցի շահերի սպասարկու» ու այլ պաստառներով այսօր  «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության մի խումբ համակիրներ, ակտիվիստներ, Կոնգրեսի ավագանու ցուցակում ընդգրկված թեկնածուներ բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի մոտ: Մինչ ակցիայի մասնակիցները երթով կմոտենային քաղաքապետարանի շենքին, ոստիկանները, որոնք նախապես փակել էին դեպի քաղաքապետարանի մուտք տանող ճանապարհը, արգելել են նրանց առաջ շարժվել, ինչի հետևանքով քաշքշուկ է սկսվել ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև:

ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը հորդորել է ոստիկաններին բացել ճանապարհը ու թույլ տալ շարունակել ակցիան քաղաքապետարանի մուտքի մոտ:

«Ձեր բթամտության մասին բոլորը վաղուց քաջատեղյակ են, ինչո՞ւ եք խոչընդոտում մեր ճանապարհը, ո՞վ է ձեր հրամանատարը, պատասխանեք՝ ի՞նչ հիմքով եք փակում ճանապարհը: Մենք ուզում ենք շարժվել, դուք փակում եք ճանապարհը»,- հարցրել է Գևորգյանը, ինչին ի պատասխան ոստիկններից մեկն ասել է, թե իրենք խանգարում են անցորդների ազատ տեղաշարժը:

ՀԱԿ ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը ոստիկաններին հորդորել է բացել ճանապարհը և նշել, որ իրենց ակցիան անցկացվում է քարոզարշավի շրջանակներում:

«Մենք կգնանք այնտեղ կկանգնենք, բացեք ճանապարը», – ասել է Կարապետյանը, ինչից հետո ոստիկանները բացել են ճանապարհը:

«Ազատություն», «Դատվելու եք», «Խամաճիկներ», «Տարոն, հանցագործ» վանկարկումներով ակցիայի մասնակիցները կանգնել են քաղաքապետարանի մուտքի մոտ ու պաստառները պարզել դեպի շենքը:

«Կարծում եմ՝ մեր բնակչությունը պետք է հետևություն անի ու ոչ մի դեպքում չքվեարկի այն մարդկանց օգտին, ովքեր ունեն միջոցներ, որոնք համապատասխանում են կոռուպցիայի մասին մեր պատկերացումներին: Հենց ՀՀԿ-ն, որն այդքան խոսում է ազնվության պայքար սկսելու մասին, պետք է բացատրի, թե որտեղից, կամ ոնց է հնարավոր, որ պետական պաշտոնյան ապրի 1 միլիոնանոց տանը», – լրագրողների հետ զրույցում ասել է Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ իրենց ակցիայի նպատակն է պարզաբանում ստանալ Տարոն Մարգարյանից իր ներկայացրած հայտարարագրի վերաբերյալ, որում նշված է միլիոնավոր դրամների հասնող անշարժ գույք և դրամական միջոցներ:

Ավելի ուշ, երբ ակտիվիստ Արեգ Գևորգյանը փորձել է բարձրախոսով ընթերցել հայտարարությունը, ոստիկանները սկսել են հրմշտել ակցիայի մասնակիցներին՝ թույլ չտալով Գևորգյանին շարունակել հայտարարության ընթերցումը, ինչից հետո ակցիայի մասնակիցները սկսել են վանկարկել՝ «Վովա, սրիկա» (նկատի են ունեցել  ՀՀ ոստիականեպետ Վլադմիր Գասպարյանին – խմբ.), «Սերժիկ, մարդասպան» ու պահանջել ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանից թույլ տալ ընթերցել հայտարարությունը:

«ՀԱԿ» ավագանու թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանը բանակցել է վերջինիս հետ, ինչի ընթացքում Գևորգյանը ընթերցել է հայտարարությունը, այնուհետ ակցիայի մասնակիցները երթով անցել են Մաշտոցի պողոտայով ու շարժվել դեպի «ՀԱԿ» գրասենյակ: