Home / Տեսանյութեր / Քաղաքապետարանը շախմատի ուսուցչի ազատման իր տեսակետն է ներկայացրել

Քաղաքապետարանը շախմատի ուսուցչի ազատման իր տեսակետն է ներկայացրել

Երևանի քաղաքապետարանը, որի ենթակայության տակ է գտնվում Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը, պարզաբանում է ներկայացրել շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանի՝ աշխատանքից ազատման կապակցությամբ:

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հիվանդության պատճառով ժամանակավորապես աշխատանքից բացակայող Ռուբեն Տերտերյանին փոխարինել է ՀՀ շախմատի ֆեդերացիայի կողմից ներկայացված Նարեկ Վարազդատյանը, ով աշխատանքի է ընդունվել դպրոցի տնօրենի՝ 2013թ. փետրվարի 1-ի թիվ 48 հրամանի համաձայն, որում հղում է կատարվում ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետին և 95-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետին, որոնք վերաբերում են որոշակի ժամկետով և որպես փոխարինող աշխատող աշխատանքի ընդունելուն:

«Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը սահմանված են ՀՀ ԱՕ 14-րդ հոդվածով, համաձայն որի՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են ՀՀ ԱՕ սահմանած կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով (հրամանով):

 

Նարեկ Վարազդատյանը ս/թ ապրիլի 9-ից չի ներկայացել աշխատանքի և չի հիմնավորել բացակայությունները: Ուսուցիչների բաց թողած և փոխարինած դասաժամերի հաշվառման մատյանում ս/թ ապրիլի 9-ից մինչև աշխատանքից ազատման օրը ներառյալ ուսմասվարի կողմից գրանցված են Ն. Վարազդատյանի բացակայությունները:

Վարազդատյանը ազատվել է աշխատանքից ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն, ըստ որի՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու դեպքում: Միևնույն ժամանակ, համաձայն նույն օրենսգրքի 123-րդ հոդվածի, վերոնշյալ հիմքով աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու առանց աշխատողին ծանուցելու», – նշված է

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ուսուցիչը նշել էր, որ իրեն աշխատանքից ազատել են քաղաքական դիրքորոշման համար:

«Ապրիլի 8-ին աշխատել եմ, 9-ին, բանկանաբար, մասնակցել եմ  ՀՀ չորրորդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը, 10-ին դպրոց չեմ գնացել, ամսին 9-ի թույտվությունը ինձ տվել է ուսմասվարը, ասել է՝ «հարց չկա, կարող ես գնալ», 10-ի բացակայությունս անհարգելի է եղել, որովհետև նախորդ օրը ինձ շատ լավ ծեծել էին ու ես ի վիճակի չէի վեր կենալ ու գնալ դպրոց: Ամսի 11-ին տնօրենն իմ ազատման հրաման է տալիս: Չկա որևէ իրավական հիմք՝ ինձ աշխատանքից ազատելու համար: Նախ՝ 1 օր անհարգելի բացակայության դեպքում ինքը իրավունք չունի ինձազատել աշխատանքից, 2-րդը՝ առանց խիստ նկատողության ընդհանրապես իրավունք չունի ազատել, մի խոսքով խախտված են մի շարք օրենքներ», – ասել է Վարազդատյանը:

Լուսանկարը՝ Նարեկ Վարազդատյանի Facebook-ի էջից