«Ո՛չ Սերժի ախրանիկ երազող ոստիկանին», «Հայ ոստիկա՞ն, թե՞ ստրուկ մլիցա», «Վերջ սադիստական ոստիկանությանը» պաստառներով «Ժառանգություն» կուսակցության անդմաներն ու համակիրներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ, որտեղ ապրիլի 9-ի դեպքերի առնչությամբ հարցաքննվում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Արմեն Մարտիրոսյանը վիճաբանության հետևանքով ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից:
11:30-ի սահմաններում Մարտիրոսյանի հետ ՀՔԾ-ի շենքի մոտ է եկել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ եկել է Մարտիրոսյանին զորակցելու նպատակով, ինչպես նաև օրինախախտ ոստիկաններին պատժելու պահանջով:
«Դատապարտում ենք Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված բռնությունները, և մենք եկել ենք պահանջելու, որ ցանկացած իրավախախտ՝ ոստիկան, թե հրամանատար, փետրվար 18-ին եղած լինի, թե ապրիլի 9-ին՝ դատապարտվեն, պատասխանատվության ենթարկվեն, և գնահատական տրվի, թե ինչ է նշանակում, որ դե ֆակտո գործող իշխանության հրահանգով խոչընդոտվում է «Բարև Երևան» ցուցակի առաջին համարի և մեր ապագա քաղաքապետի գործունեությանը», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Երբ Մարտիրոսյանը շենք է մտել, «Ժառանգության» ակտիվիստները շենքի դիմաց գտնվող ճաղերին խրտվիլակ են դրել, որի վրա գրված է՝ «Դատապարտեք սրիկաներին»:
«Մենք այստեղ ենք, որպեսզի անենք ամեն ինչ, որ չունենանք նման ոստիկաններ», – մատնանշելով խրտվիլակին՝ հայտարարել է ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ոստիկանների գործողությունները «պետք է նման չլինեն այս չուչելի էությանը», այլ ոստիկանները պետք է լինեն օրինավոր, պարկեշտ, քաղաքացու կողքին կանգնող:
13:30-ի դրությամբ Մարտիրոսյանը շենքից դուրս չէր եկել: