Home / Տեսանյութեր / Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը կխոսի Ցեղասպանության մասին

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը կխոսի Ցեղասպանության մասին

Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը ելույթ է ունենալու Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում կազմակերպվելիք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է The Fresno Bee պարբերականը:

The Fresno Bee-ի լրագրող Էյնջել Մորենոն հիշեցնում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը մինչ օրս խուսափում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված էթնիկ զտումները ցեղասպանություն անվանել, մինչդեռ 2004-ից 2006 թվականը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Էվանսն արտասանել է ցեղասպանություն բառը և շարունակում է հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը:

«Ցեղասպանություն բառը «անհարկի» եզր էր համարվում և 1915 թվականի պատմության քննարկումն արգելված էր: Երբ ես խախտեցի այդ տաբուն և խոսեցի Հայոց Ցեղասպանության մասին 2005 թվականի փետրվարին Կալիֆորնիայում… ես վերադարձա Հայաստան որպես դեսպան, սակայն ինձանից պահանջեցին հայտարարություն տարածել՝ նշելով, որ այն, ինչ ես ասել եմ անհարկի էր: Բայց հարկավոր էր ջարդել այդ տաբուն, անգամ աշխատանքից հեռանալու գնով», – նշել է Ջոն Էվանսը:

ԱՄՆ Պետդեպը վերջինիս հետ է կանչել մինչև նրա եռամյա պաշտոնավարման ավարտը, իսկ արդեն 2006 թվականի վերջին նա հեռացել է համակարգից:

Դրանից հետո Էվանսն իր հրապարակային ելույթներում շարունակել է խոսել Ցեղասպանության մասին:

«Ես համոզված եմ՝ այն փաստը, որ աշխարհը չի կարողանում առերեսել պատմության ծանր էջերը, կործանարար հետևանքների է բերում», – ասել է դեսպանը:

Նշենք, որ Ջոն Էվանսը Ցեղասպանության մասին կխոսի երեքշաբթի Ֆրեզնոյի հայկական եկեղեցում:

Լուսանկարը՝ wikipedia.org