Home / Հայաստան / Հանձնաժողովը ստուգելու է՝ ինչ բիզնեսներ ունի Գագիկ Խաչատրյանը

Հանձնաժողովը ստուգելու է՝ ինչ բիզնեսներ ունի Գագիկ Խաչատրյանը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013 թ. ապրիլի 10-ի որոշմամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ` Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով:

Հակակոռուպցիոն կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նույն որոշմամբ հանձնաժողովը Գագիկ Խաչատրյանին առաջարկել է  քննարկվող հարցի վերաբերյալ 10-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները և բացատրությունները:

ԹԻՀԿ-ը դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2012 թ. դեկտեմբերի 17-ին՝ հիմք ընդունելով «Հայկական ժամանակ» օրաթերթի 2012 թ. հոկտեմբերի 18-ի համարում հրապարակված «Մենքումերոնցով աշխատում են» և «Պայքարի իրական մարտիկը» հոդվածները:

Ըստ թերթի հրապարակման՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր:

Բացի դա, ըստ թերթի հրապարակումների` պետական եկամուտների կոմիտեի նախագահի անվան հետ են կապվում նաև այլ ընկերություններ, ինչպես օրինակ, ««Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), «Ամասիայի» կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը և այլն»:

ԹԻՀԿ-ը, դիմելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, խնդրել էր պարզել՝ առկա է արդյո՞ք շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման և միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, ներդրումները կառավարելիս չեն օգտագործվել արդյո՞ք պաշտոնական դիրքը և լիազորությունները: