Home / Հայաստան / Օսկանյանը կարծում է, որ ԲՀԿ-ն սեպտեմբերին պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը

Օսկանյանը կարծում է, որ ԲՀԿ-ն սեպտեմբերին պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը

Արդյունավետ ընդդիմություն կարելի է ունենալ միայն այն պայմաններում, երբ քաղաքական ուժը կամ ուժերը ամբողջությամբ չեն փակում իշխանության հետ երկխոսության մեջ լինելու բոլոր դռները, ոչ էլ իրենց ամեն մի ընդդիմադիր թվացող քայլ կուլիսներում համաձայնեցնում են իշխանության հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը:

«Այսօր, հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները և հատկապես այն, որ ԲՀԿ-ն առանց ինքն իրեն ընդդիմադիր հռչակելու՝ այդպիսի դերակատարում է ստանձնել, ես կարծում եմ (սա իմ անձնական տեսակետն է), որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն:

Համոզված եմ, որ դրանից կշահի երկիրը, քաղաքական համակարգը և վերջիվերջո՝ քաղաքացին», – գրել է Օսկանյանը:

Պատգամավորը հիշեցրել է իր ֆեյսբուքյան գրառումներից մեկը, որում ինքն անդրադարձել էր կառավարման ձևերի շուրջ առկա տարբեր փիլիսոփայական մոտեցումներին.

«Հայաստանում այսօր առկա կառավարման համակարգը, անկախ մեր կամքից, այնպիսի դրսևորում է ստացել, որ ամբողջությամբ տեղավորվում է կառավարման հոբսյան մոդելի մեջ: Թոմաս Հոբսը իր «Լեվիաթան» (1651թ.) աշխատությունում գովերգում է միահեծան և ուժեղ կառավարչի անհրաժեշտությունը: «Քանի որ մարդիկ գործում են միայն իրենց սեփական շահերից ելնելով,- ասում է նա,- ուստի որքան էլ կառավարիչը դաժան և անարդար լինի, քաղաքացիները պարտավոր են հնազանդ լինել իշխանությանը, այլապես կլինի քաոս»:

Հայաստանում այսօր մեր խնդիրն է անցնել նույն ժամանակարջանի անգլիացի մեկ այլ մտածող Ջոն Լոկի առաջ քաշած կառավարման մոդելին: Լոկը համարում էր, որ մարդկանց խառնվածքը և բնավորությունը ձևավորվում են նրանց փորձառությամբ: Ըստ նրա՝ մարդիկ ծնվում են ազատ և հավասար երեք անօտարելի բնական իրավունքներով՝ կյանքի, ազատության և սեփականության: Իշխանության գոյության և գործունեության իմաստը և նպատակն այն է, որ նա պաշտպանի քաղաքացիների այդ իրավունքները, և ձախողելու դեպքում քաղաքացիներն իրավունք ունեն իշխանությունը փոխել: Լոկի այս գաղափարներն այսօր դրված են աշխարհի բոլոր ժողովրդավարական սահմանադրությունների հիմքում: Նույնը կարելի է ասել Հայաստանի մասին՝ մի տարբերությամբ, որ դրանք մնում են թղթի վրա»:

Ահավասիկ, կառավարման համակարգում այսպիսի կիրառական ոստյուն կատարելու համար անհրաժեշտ է, որ մենք կարողանանք նորովի սահմանել և արժևորել ընդդիմության տեղն ու դերը ժողովրդավարության ձգտող Հայաստանի նման երկրի համար: Արդյունավետ քաղաքական հակակշիռներ ունենալու համար անհրաժեշտ է, որ ընդդիմությունը ուժեղ լինի, ունենա այլընտրանքային հստակ գաղափարական հենք, ծրագիր, անընդհատ ձգտի իշխանության, բայց միաժամանակ պատրաստ լինի հետապնդելու ազգային շահերը և երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար երկխոսության մեջ մտնելու քաղաքական հակառակորդների հետ:

Լուսանկարը՝ Վարդան Օսկանյանի Facebook-ի էջից