Home / Հայաստան / «3-4 հարվածից չէր կարող 84 վնասվածք ստանալ». սպանված զինվորի գործը փակուղի է մտել

«3-4 հարվածից չէր կարող 84 վնասվածք ստանալ». սպանված զինվորի գործը փակուղի է մտել

2011 թվականի օգոստոսի 27-ին ԼՂՀ-ի «Եղնիկներ» զորամասում 84 մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով մահացած Աղասի Աբրահամյանի գործը փակուղի է մտել, քանի որ գործով մեղադրյալների նախաքննական մարմինը չի հայտնաբերել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ գործը վարել ու շարունակում է վարել ՀՀ ՊՆ երրորդ կայազորային բաժնի քննիչ Իգիթյանը, որը, փորձագետի խոսքով, հանցավոր քննություն է տանում:

Մարտիրոսյանը պատմել է, որ դեռևս ամիսներ առաջ Իգիթյանը քրեական գործը կասեցրել է՝ հանցագործության կատարած անձանց բացակայության պատճառաբանությամբ, սակայն ի սկզբանե նախաքննական մարմինն ունեցել է հանցագործության կատարողի կասկածյալ՝ նույն զորամասի զինծառայող Վահե Հարությունյան:

Իր նախաքննական ցուցմունքում Վահեն ասել է, որ ինքը ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը Աղասի Աբրահամյանի մարմնական վնասվածք է հասցրել, որից հետո նրան տեղափոխել են նախ բուժկետ, ապա երեկոյան՝ Ալաշյանի հոսպիտալ, որտեղ էլ մեկ ու կես ժամ անց մահացել է՝ գիտակցության չգալով:

Նախաքննական ցուցմունքում Վահեն նշել է, որ դեպքի գիշերը ինքը երկու անգամ  տեսել է Աղասիին: Ըստ ցուցմունքի՝ առաջին անգամ  03.00-ի սահմաններում  Աղասին գնացել է զուգարան, երկորդ անգամ՝ կես ժամ հետո նա որոշել է իր կարիքները հոգալ զուգարանից ոչ հեռու գտնվող ծառի մոտ: Վահե Հարությունյանը, սա տեսնելով, Աղասիին դիտողություն է արել, թե ինչու նա չի մտնում զուգարան: Հետո տղաները կռվել են, իրար ծեծել են, Վահեն Աղասիին հասցրել է 3-4 հարված:

Այս ցուցմունքի հիման վրա, փորձագետի խոսքով, Իգիթյանը ապացուցված է համարել այն, որ Աղասին զոհվել է այդ 3-4 հարվածից: Սա, ըստ Մարտիրոսյանի,  վկայում է այն մասին, որ քննիչը ուզել է գործը «կոտրել» Վահե Հարությունյանի վրա, քանի որ Աղասի Աբրահամյանի դիակի փորձաքննության եզրակացության համաձայն՝ Աբրահամյանի դիակի վրա հայտնաբերվել է թվով 84 մարմնական վնասվածք՝ 13 քերծվածք, 1 սալջարդ և 70 արյունազեղում, իսկ այս չափի վնասվածքները չէին կարող հասցված լինել 3-4 ձեռքի հարվածով:

«Ինչևէ, Վահեն Ռազմական ոստիկանությունից Շուշիի բերդ տեղափոխվելուց հետո անմիիջապես հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից: Ավելին՝ նա ասել է, թե ովքեր են իրականում ծեծել Աղասիին: Նա տվել է 4 զինծառայողի անուն: Քննիչի այն հարցին, թե ինչու ինքը նախաքննության ժամանակ այլ ցուցմունք տվել՝ Վահեն պատասխանել է, թե քանի որ իրեն էին կասկածում, ինքը վախեցել է «հետագա անախորժություններից» և ստել է», – պատմել է Մարտիրոսյանը:

Երկորդ ցուցմունքում Վահե Հարությունյանն ասել է նաև, որ խումբն Աղասիին ծեծել է նաև սպանությունից մեկ ամիս առաջ, երբ Աղասին նոր էր տեղափոխվել վաշտ:

Նախաքննական մարմինը հարցաքննել է նշված անձանց, ովքեր հերքել են ծեծելու փաստը: Նրանք, սակայն, չեն հերքել, որ կեսգիշերնանց քնած չեն եղել, այլ վաշտի գրասենյակում են եղել, ինչը ինքնին ծառայության խախտում է:

«Նախաքննական մարմինը արթնանում է դեպքից ամիսներ անց, երբ նշված չորս անձինք արդեն զորացրված էին, արթնանում են և հասկանում, որ 3-4 հարվածից Աղասին չէր կարող ստանալ 84 վնասվածք», – ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:

Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի