ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով քննությունը:
Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը, քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
«Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում որպես ՀՀ նախագահի թեկնածու գրանցված Վարդան Սեդրակյանը 2013թ. հունվարի սկզբներին Սամվել Հարությունյանին և Խաչիկ Պողոսյանին պատվիրել է ԱԻՄ կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:
Զենք ձեռք բերելու համար Սեդրակյանը Հարությունյանին և Պողոսյանին գումար է տվել, որը նրանք կիսել են միմյանց միջև, իսկ հանցագործությունն իրականացնելու համար օգտագործել Պողոսյանի կողմից ապօրինի ձեռք բերված և պահված 7,62մմ տրամաչափի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը:
Ըստ պայմանավորվածության՝ սպանությունն անմիջականորեն պետք է իրականացներ Պողոսյանը, իսկ Հարությունյանը նրան պետք է սպասեր ավտոմեքենայում:
2013թ. հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Հայրիկյանի տան շքամուտքի մոտ, Պողոսյանը երկու անգամ կրակել է նախագահի թեկնածուի կրծքավանդակին և դիմել փախուստի՝ չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ պատճառներով», – հաղորդում է ՀՀ գլխավոր դատախզությունը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձը կազմակերպել), Պողոսյանին՝ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ (Ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը և իրացնելը), իսկ Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: