Սերժ Սարգսյանի երդման արարողությունը Հայաստանի քաղաքացիների վրա նստել է մոտ 28 մլն դրամ` 67 հազար ԱՄՆ դոլար, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ ՀՀ նախագահի նստավայրը միայն 5.8 մլն դրամ հատկացրել է 5 ուղեգորգ գնելու համար, իսկ ավելի քան 17 մլն դրամ ծախսվել է արարողությանը մասնակցած պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների համար կազմակերպված միջոցառումների նպատակով:
«Ուշագրավն այն է, որ այդ օրվա միջոցառումներն իրականացրել է Արթիկ քաղաքում գրանցված «Լոմա սիստեմս» ՍՊԸ-ն: Փաստորեն, կասկածելի լեգիտիմություն ունեցող Սերժ Սարգսյանի ճոխ երդմնակալության համար հարկատուներիս գրպանից ահռելի գումարներ են ծախսվել, և, սա այն դեպքում, երբ Հայաստանում բնակչության ավելի քան 30 տոկոսը պարզապես աղքատ է: Ի դեպ, ընդգծենք, որ 28 մլն դրամը ծախսվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ թե որքան գումար է ծախսվել իրականում` օլիգարխների նվիրատվություններով, մնում է միայն ենթադրել»,- գրում է թերթը: