ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի գործով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Մեսրոպ Հունանյանը: Այդ մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը՝ հղում կատարելով ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
ՀՔԾ-ն ապրիլի 22-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացել է ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Արտակ Հովհաննիսյանի անունից՝ սպայական կոչում ստանալու համար ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված դիմումի հիման վրա կատարված ծառայողական քննության նյութերը:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ Մեսրոպ Հունանյանը խաբեության եղանակով հրամանատար Արտակ Հովհաննիսյանից առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս սպայական կոչում հատկացնելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, 2012թ. նոյեմբերին պահանջել է 8000 դոլար: Մեսրոպ Հունանյանը` Արտակ Հովհաննիսյանից ստացել է որպես կաշառք տված գումարի մի մասը` 4000 դոլարը, որն էլ օգտագործել է իր կարիքների համար: Արտակ Հովհաննիսյանի 8000 դոլար կաշառք տալու, իսկ Մեսրոպ Հունանյանի կողմից 8000 դոլար գումարին խաբեությամբ հափշտակելու փորձը կանխվել է կոչում ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության ՊՊԳ և ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի և ծառայողական քննության արդյունքներով հիշյալ փաստը բացահայտելու պատճառով: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. ապրիլի 22-ին հարուցվել է քրեական գործ: Նույն օրը Մեսրոպ Հունանյանը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: