Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ կատարված նողկալի արարքը, ինչը ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի ու նրա քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի իրական դեմքի արտապատկերումն է, ասված է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ։
Հաղորդագրության հեղիակները հույս են հայտնում, որ լրագրողական աշխարհը, իրավապաշտպան կազմակերպությունները, համապատասխան միջազգային կառույցները, հասարակությունը իրենց վերաբերմունքը կարտահայտեն այս փաստի նկատմամբ։
ՀԱԿ-ը հիշեցնում է, որ ապրիլի 23-ին Նոր Նորքի 8-րդ զանգվածում բռնության գործադրմամբ խոչընդոտվել է Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը լուսաբանող «Ilur» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ։ Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչները նախ պահանջել են, որ «ոչ յուրային» լրագրողը հեռանա միջոցառման վայրից, ապա հարձակվել են նրա վրա, հարվածներ տեղացել, քաշքշել ու պատռոտել հագուստը։ Լրագրողից խլել են նրա տեսանկարահանող սարքը, ջնջել նկարածը։ Լրագրողը մարմնական վնասվածք է ստացել։ Լրագրողին հարվածողին, այնուամենայնիվ հաջողվել է լուսանկարել. դա Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչն է՝ ՀՀԿ-ից Երեւանի գործող ավագանի եւ ավագանու թեկնածու Արամ Պապայանը։ Լրագրողի նկատմամբ բռնության գործադրման ողջ ընթացքում կատարվող ծանր հանցագործությանը անհաղորդ ու անտարբեր հետեւել են քիչ հեռու կանգնած ոստիկանները։ Զանգահարվել է ոստիկանական բաժանմունք, որտեղից նույնպես օպերատիվ օգնություն չի ստացվել։
Ավելի վաղ լրագրողը ներկայացրել էր կատարվածի մանրամասները: