«Պատմության գրված էջերը կատարվածի մասին են, իսկ սպիտակ էջերը՝ գալիքի: Հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից դարերից եկող ու դեպի դարեր գնացող մեր ընդհանուր ճակատագիրը դեռևս առջևում է: Գլխավոր հարցն այն է«թե այսօր այդ սպիտակն ինչպես ենք պատրաստվում լրացնել»:
Այս տողերը 2005 թվականի նոյեմբերի 5-ին գրել է հայազգի ականավոր գործիչ, լրագրող, հրապարակախոս, «Ակօս» հայ-թուրքական պարբերականի խմբագիր Հրանտ Դինքը, ով 2007 թվականի հունվարի 19-ին սպանվեց Ստամբուլում:
Դինքն առաջիններից էր, ով Թուրքիայում հրապարակայնորեն սկսեց քննարկել Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի այն կողմերը, որոնց մասին արգելված էր գրել: Նա վստահ էր, որ հայկական, քրդական, հունական հարցերը պետք է լուծվեն միաժամանակ ավելի լավ Թուրքիայի Հանրապետություն ստեղծելու միջոցով:
Epress.am-ը Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի օրը ներկայացնելու է Հրանտ Դինքի հոդվածները 1915 թվականի ողբերգական իրադարձությունների, հայ-թուրքական հարաբերությունների, ժամանակակից Հայաստանի և Թուրքիայի մասին:
Հոդվածները վերցված են Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» գրքից, որը հրատարակել է «Հրանտ Դինք» հիմնադրամը Մկրտիչ Սոմունջյանի թուրքերենից թարգմանությամբ:
Հատված Հրանտ Դինքի «Դերակատարներ… Դերեր… Նախապատվություններ…» հոդվածից
Այսօր երկու կողմում էլ կան ազգայնական մարգինալ հատվածներ, որոնք անհանգստանում են «թուրք» և «հայ» բառերի կողք կողքի լինելու կապակցությամբ՝ բացասաբար ազդելով լուռ մեծամասնության ճակատագրի վրա: Եվ, ցավոք, մինչ օրս նրանք այդ հարցում որոշիչ դեր են խաղացել: Հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ մի շարք նախաձեռնություններ երկուստեք ծայրահեղական հատվածների կողմից միշտ կացնահարվել են: Միմյանցից սնուցվող և հիմնականում մեկը մյուսով գոյատևող ծայրահեղ ազգայնական հատվածների համար ասպարեզն այլևս դատարակ չպետք է թողնել:
Նրանք «հայ» և «թուրք» բառերը միասին կիրառելուց եթե խուսափեն էլ, մեկ է, ճակատագիրն այս երկու ժողովրդին նույն աշխարհագրական գոտում, կողք-կողքի ապրելու է դատապարտել. այլընտրանք չկա…
Երկու ժողովուրդների միջև կրկին նորմալ հարաբերություններ հաստատել կարողանալը դարձել է ժամանակի հրամայական, և այն պետք է պարտադրվի: Այո, «պետք է պարտադրվի», քանզի այդ հարաբերությունների վերակագնումը բնավ էլ հեշտ չի թվում: Նախ և առաջ, հարաբերությունները բարդացնող պատճառները միայն թուրքերի և հայերի կամքով չեն սահմանափակվում: Կան նաև մի շարք կողմեր, ազդեցության գործոններ և դերակատարներ…
«Ով ինչ պետք է անի» հարցի հիմնական կողմերը անշուշտ հայերն ու թուրքերն են: Իրական դերակատարները նրանք են, և ասպերազ ուրիշներին չպետք է թողնել; Հակառակ դեպքում ուրիշ դերակատարների առկայությունը, հարցի լուծումն էլ ավելի խրթին դարձնելով, կարող է վերածել այն գորդյան հանգույցի:
Թուրքերի և հայերի՝ ժամանակակից մեթոդին առավելություն տալն արդեն անխուսափելի է: Իսկ այդ մեթոդը հենց կողմերի երկխոսությունն է: Այս շրջանում ոչինչ չպետք է խանգարի այդ երկխոսությանը: Երկու կողմերի մարգինալ հատվածները երկար ժամանակ համառորեն աղավաղում էին այդ երկխոսության իմաստը և անգամ չէին ընդունում դրա գոյությունը: Հայկական կողմի նման հատվածների՝ «1.5 միլիոն զոհերի պատճառով ոչ մի երկխոսություն էլ չի կարող լինել» տեսակետը երկար ժամանակ շրջանառվեց: Իսկ երկխոսության կողմնակիցներին մեղադրում էին դավաճանության մեջ: Մինչդեռ երկխոսության կողմնակիցները ո՛չ ժխտողներ էին, ո՛չ դավաճաններ էին: Նրանք ուղղակի ապագայում առանց խնդիրների հարաբերություններ հիմնելու ջատագովներ էին:
Մինչև այսօր բանակցություններին տուրք չտվողը կամ էլ դրանից խուսափողները, անշուշտ, միայն հայկական մարգինալ հատվածները չեն: Թուրքիայի պաշտոնակա դիրքորոշումը մինչև երեկ, իսկ որոշ հարցերում նույնիսկ մինչև այսօր, հեռու է երկխոսություն սկսելուց: Չնայած մեր օրերում «երկխոսություն» բառը հաճախ է կիրառվում, ուշադրությունից չի վրիպում երկխոսության պայմանական լինելու հանգամանքը: Թուրքիան «դիալոգ» եզրը կիրառելուց առաջ խոսում է «հաշվի նստելուց»… պատմության հետ հաշվի նստելուց: «Հարցի կարգավորումից հետո նոր միայն հարաբերություն կհաստատենք» մոտեցումը, որը կարևորում է պատմության հետ հաշվի նստելու գաղափարը, երկրորդ պլան մղելով երկխոսությունը և հարաբերությունների հաստատումը, անորոշ կացության մեջ է գցում և երկխոսության դեմ լինելն այլ կերպ է արտահայտում…
…Սեփական ազգային արժանապատվության նկատմամբ հարգանքը պայմանավորված է մյուսի ազգային արժանապատվության նկատմամբ դրսևորած հարգանքով:
…Երկու ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավման և երկխոսության ծավալման գործընթացը պետք է սկսվի հենց բարոյական նվաճումների շնորհիվ:
Հարաբերությունների բնականոնացում. հենց սա է իրական լուծումը: Ապագան որոշողն էլ երկու ժողովուրդների փողոցային առևտրում, սրճարանային զրույցներում սկիզբ առած երկխոսությունն է… Երկու ժողովուրդների հարաբերությունների կարգավորումը չպետք է թողնել միայն երկու պետությունների պաշտոնական շփումներին կամ շփումների բացակայությանը: Հիմա, երբ երկու պետությունները պաշտոնական մակարդակով միմյանցից մեկուսացված են, անհրաժեշտ է զարկ տալ ժողովրդական դիվանագիտությանը: