«Էկոլոգիական Հասարակական դաշինք» նախաձեռնության համակարգող Սիլվա Ադամյանն ու «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը ափսոսանք են հայտնել, որ ԱՄՆ Պետդեպի 2012 թվականի մարդու իրավունքների զեկույցում անտեսված է առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու վերաբերյալ մարդու իրավունքների վիճակին առնչվող հիմնահարցը: Այս մասին բնապահպանները նշել են ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին հղած նամակում:
«Այս հարցը տարիներ շարունակ մնում է քաղաքացիական հասարակության օրակարգի առաջնային խնդիրներից մեկը, ինչպես նաև միջազգային կառույցների կողմից բազմիցս հնչեցված մտահոգության աղբյուրը: Հայաստանում ձևավորվող քաղաքացիական հասարակության ջանքերը՝ ուղղված մեր պետությունում բնապահպանական իրավունքների իրավիճակի բարելավմանը դյուրին չեն թե կառավարական օղակներում՝ օրենսդրորեն և թե հանրության շրջանակներում՝ մարդկանց իրավագիտակցության բարձրացման տեսանկյունից: Այնուամենայնիվ, խոչընդոտները դառնում են մեզ համար գրեթե անհաղթահարելի, երբ գործ ենք ունենում անբարեխիղճ ընդերքշահագործողների հետ: Վերջիններս, տիրապետելով հսկայական ֆինանսական միջոցների և ներգործության այլ լծակների, ոչ միայն անխնա շահագործում են տեղի բնակչությունը՝ ոտհահարելով մարդկանց իրավունքները և արժանապատվությունը, այլև խոչընդոտում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների օրինական պահանջները ծանոթանալ այդ ընկերությունների գործունեությանը վերաբերող փաստաթղթերին և ուղիներ գտնելու վիճակը կարգավորելու համար»,- ասված է նամակում:
Ըստ նամակի հեղինակների՝ վերոնշյալ ընկերություններից է «Գլոբալ Գոլդ»-ը, որը ի լուր աշխարհի թափահարում է ամերիկյան դրոշը՝ շեշտելով իր պաշտպանված լինելը զորեղ պետության կողմից:
«Վերոնշյալ ընկերությունն ակնհայտորեն անտարբեր է, որ իր գործողություններով հարվածի տակ է դնում հայ ժողովրդին բարեկամ ամերիկայն ժողովրդի և պետության հեղինակությունը, քանի որ Հայաստանում մարդիկ արդեն քաջածանոթ են այդ ընկերության գործունեությանը: Պարոն Դեսպան, խնդրում ենք Ձեր անմիջական մասնակցությունը այս խնդրին և, հնարավորության դեպքում, առաջարկում ենք Ձեզ հետ հանդիպում կազմակերպել մանրամասները ներկայացնելու համար: Պատրաստ ենք նաև կազմակերպել Ձեր այցը Մելիքգյուղ և Արեվիս համայնքներ, որտեղ հանքարդյունաբերական գործունեություն է իրականացնում նշված ընկերությունը», -նշված է նամակում:
Ադամյանն ու Գրիգորյանը համոզմունք են հայտնել, որ դեսպանը, լինելով մի պետության ներկայացուցիչ, որն ասոցացվում է ժողովրդավարական արժեքների, մարդու իրավուքների պաշտպանության հետ, անտարբեր չի մնա ամերիկյան դրոշի ներքո իրականացվող անօրինականությանն ու անարդարությանը: