«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով՝ ներկա պահին դժվար է ասել, թե ԼՂՀ զորամասերից մեկում ապրիլի 19-ին զոհված Րաֆֆի Մարաշլյանն ինքնասպանություն է գործել, թե նրանց սպանել են, քանի որ զինվորի վրա այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Հելսինկյան ասոցիացիայի կայքում հրապարակված հոդվածում Մարտիրոսյանը նշում է, որ, այնուամենյանիվ, ինքը խիստ կասկածի տակ է դնում զորամասի հրամանատարի բանավոր պատմածը, համաձայն որի՝ այդ օրը նշված սահմանային գոտում տեղի էր ունենում հերթափոխ, և մի գումարտակի զինծառայողներին փոխարինում էին մեկ այլ գումարտակի զինծառայողներ, ինչի նպատակով հենակետին էր մոտեցել զինվորական ավտոբուսը:
Ըստ հրամանատարի՝ հերթափոխն ավարտած զինվորները միմյանցից 40մ հեռավորության վրա մեկ առ մեկ շարժվում էին դեպի ավտոբուսը: Այդ ժամանակ էլ հնչել է կրակոցի ձայնը, զինվորները վազելով մոտեցել են և տեսել ինքնասպան եղած Րաֆֆիին:
Սա, ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, բացահայտ սուտ հեքիաթ է. նախ այն պատճառով, որ զինվորները կալանավորներ չէին, որպեսզի հրամանատարի նշած հեռավորությունը պահպանելով շարժվեին և երկրորդ՝ զինվորները ոչ թե ոլորապտույտ խրամուղիներով պետք է գնային դեպի ավտոբուսը, այլ պետք է դուրս գային գետնատնակից, որն առավել մոտ էր գտնվում ավտոբուսին:
Մինչ ավտոբուս նստելը նրանք պետք է վերցնեին իրենց զենքն ու զինամթերքը և անձնական իրերը, մասնավորապես՝ հիգիենայի պարագաները: Փորձագետը նշում է, որ դեպքի վայրը փոխվել է, որպեսզի հանվեն դեպքին ականատես վկաները, որոնք ամենայն հավանականությամբ եղել են:
Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ գործը քննվում է ՀՀ ՊՆ ՔԾ 3-րդ կայազորային բաժնում, քննիչ Իգիթյանի կողմից:
«Սա թույլ է տալիս կանխավ կասկածի տակ դնել նախաքննության օբյեկտիվությունը: Պատճառն այն է, որ նշված քննիչը քննել և քննում է 2011 թ.-ի օգոստոսի 26-ին ԼՂՀ-ի «Եղնիկներ» զորամասում սպանված Աղասի Աբրահամյանի գործը», – գրում է Մարտիրոսյանը:
Համաձայն փորձագետի՝ Իգիթյանը նշված գործով կատարել է ակնհայտ կեղծ, հանցավոր քննություն, ինչի արդյունքում մինչ օրս Աբրահամյանին սպանած անձինք չեն հայտնաբերվել և քրեական պատասխանատվության չեն ենթարկվել:
Հոդվածում նշվում է, որ Հելսինկյան ասոցիացիան և, մանսավորապես, փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը հետևելու են գործի ողջ ընթացքին, որպեսզի «կատարվի օբյեկտիվ քննություն և պատժվեն կատարվածի մեջ իրական մեղավոր անձինք»: