Home / Տեսանյութեր / Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն Թուրքիայից պահանջում են վերադարձնել եկեղեցական կալվածքները

Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն Թուրքիայից պահանջում են վերադարձնել եկեղեցական կալվածքները

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Թուրքիայից պահանջել են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և վերադարձնել բռնագրավված եկեղեցական կալվածքները

«Անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ինչպես և Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաև եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական մեծ արժեք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ և այլն: Ցեղասպանության ենթարկված ու բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից` «լքյալ կալվածքներ» անվան տակ:

Ցեղասպանությունից 98 տարիներ անց Թուրքիո ներկա պետությունը` որպես իրավահաջորդը Օսմանյան կայսրության, ոչ միայն մերժում է իր նախորդների ծրագրած ու իրագործած ցեղասպանությունը, այլև շարունակում է իր հակահայ քաղաքականությունը` բռնագրավված պահելով հայ ժողովրդի կրոնական ու մշակութային արժեքները` եկեղեցապատկան կալվածքներն ու իրերը:

Հետևաբար, կոչ ենք ուղղում Թուրքիո պետությանը և պահանջում.

1)    Ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2)    Ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց

3) Անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները», – ասված է Գարեգին Բ-ի և Արամ Ա-ի՝ ապրիլի 24-ին տարածած հայտարարության մեջ