Home / Տեսանյութեր / Լրագրողի նկատմամբ բռնություն կատարողները քրեական կանոններով են առաջնորդվում. ՄԻ պաշտպան

Լրագրողի նկատմամբ բռնություն կատարողները քրեական կանոններով են առաջնորդվում. ՄԻ պաշտպան

iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կատարված միջադեպը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի անհանգստությունն ու վրդովմունքն է առաջացրել:

«Չնայած դեռևս պաշտոնապես չեն բացահայտվել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձինք, այդուհանդերձ վստահաբար կարելի է նշել, որ փողոցային արժեքներով և քրեական կանոններով առաջնորդվող անհատներին դժվար է բացատրել խոսքի ազատության բարձրագույն արժեքը, ինչպես նաև լրագրողի առաքելության վեհությունն ու կարևորությունը: Նման մարդկանց ավելի մատչելի են «դատվել», «նստել», այսինքն՝ «պատժվել» հասկացությունները: Հետևաբար նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ խիստ և համաչափ արձագանքն է», – դեպքին առնչվող իր հայտարարության մեջ նշել է օմբուդսմենը:

Նա ընդգծել է, որ իր գրասենյակն իրավունք չունի միջամտելու քննությանը, սակայն հետևելու է դրա ընթացքին և օրենքով թույլատրելի եղանակներով և միջադեպին ու դրա իրավական հետևանքներին տալու է իր գնահատականը: