8 ամիս կալանքի տակ գտնվող Շալիկո Մանուչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով: Այս մասին Epress.am-ին հայտնել է Մանուչարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ այդքան ժամանակ անօրինական կալանքի տակ լինելը իրավունք է տալիս Մանուչարյանին հատուցում, ներողություն, հոդվածների հերքում պահանջել:
«Եթե Մանուչարյանը որոշի, մենք կդիմենք դատարան բարոյական վնասի փոխհատուցում ստանալու համար: Մեր դատարանը հայցը կմերժի, քանի որ ՀՀ օրենսդրությունը նման փոխհատուցում չի սահմանում, ու մենք կդիմենք Եվրոպական դատարան», – ասել է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Մանուչարյանը մեղադրվում էր 2010 թվականի նոյեմբերի 2-ին Վանաձորում Արսեն Փերիխանյանի վրա կրակելու համար: Ի դեպ, Փերիխանյանը բողոք չէր ներկայացրել:
Մանուչարյանը պահվել է նախ Վանաձորում, հետո տեղափոխվել «Արթիկ» ՔԿՀ, ապա նորից բերվել Վանաձոր, որտեղ 2013 թվականի հունվարին հացադուլ է սկսել և կարել է բերանը: Միայն 15 օր հետո, երբ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է և նա ստորագրությամբ բաց է թողնվել՝ Մանուչարյանը դադարեցրել է հացադուլը և քանդել կապերը:
Նշենք, որ դեռևս այս տարվա հունվարի Շալիկո Մանուչարյանի ծնողները նամակ էին ուղարկել ԶԼՄ-ներին, իրավապաշպան կազմակերություններին՝ խնդրելով օգնել վերականգնել որդու խախտված իրավունքները: Նամակում նրանք գրել էին, որ «գործը սարքելու առումով Շիրակի և Լոռու մարզերի դատախազները ու քննիչները մտել են մրցավազքի մեջ»: