Ռոբերտ Քոչարյանի դեմ «կոմպրոմատի» երկար տարիներ տևող անարդյունք փնտրտուքը ստիպում է ոմանց պրիմիտիվ հնարքներ բանեցնել ու նման տխմարություններ հորինել. Ցավալի է սակայն, որ մեզանում գնալով ավելանում է քաղաքական ծաղրածուների քանակը: Այս մասին 2rd.am կայքին ասել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը (լուսանկարում)՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկավտվությունը, թե ՌԴ գլխավոր դատախազության վարույթում է հայտնվել մի գործ, որն առնչվում է ՀՀ երկրորդ նախագահի անվան հետ:
«Ես միայն նախօրեին եմ ծանոթացել այդ «ցնցող» լուրին: Անկեղծ ասած, մինչև հիմա էլ չգիտեմ. արդյո՞ք արժե արձագանքել դրան, որովետև այս աստիճանի հիմարության հազվադեպ կարելի է հանդիպել: Հենց սկսում ես մտածել դրա շուրջ ու վերլուծել այդ լուրի էությունը՝ ակամա ծիծաղում ես: Պատկերացնո՞ւմ եք, որ ՀՀ որևէ քաղաքացի այսպես կոչված «ստացման հաստատումով» նամակ գրի ՀՀ դատախազությանը՝ պահանջելով գործ հարուցել որևէ այլ պետության նախկին նախագահի, ասենք՝ Ջորջ Բուշի դեմ: Հետո, երբ նրան փոստով կառաքեն ստացման հաստատումը, հայտարարի, թե Բուշի գործերը քննվում են ՀՀ դատախազությունում: Ես հոգեբույժ չեմ, և կարող եմ միայն ենթադրել, թե ինչ է կատարվում այդ քաղաքացու գլխում: Ցավոք, նույնը վերաբերվում է այն սակավաթիվ լրագրողներին և քաղաքական գործիչներին, որոնք ամենայն լրջությամբ վերլուծում են այս լուրը ու հանգում «ցնցող» եզրակացությունների», – ասել է Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն ավելի վաղ Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրենց տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք վկայում են Հայաստանի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների յուրացումների ու չարաշահումների մասին:
Նրա խոսքով՝ այդ փաստերը ներկայացվելու են ՌԴ բարձրաստիճան այրերին:
«Դա արվելու է բացառապես պաշտոնական եղանակով: Մենք դա չենք թաքցնելու, մանավանդ, որ խոսվում է նաև ՌԴ բարձրաստիճան չինովնիկների մասին, ովքեր «հովանավորել» են Հայաստանից կեղտոտ փողերի դուրս բերման հարցում: ՌԴ-ն հետաքրքրված է այդ բացահայտումների և Հայաստանից գողացած գումարների վերադարձի հարցում, որպեսզի այդ գումարները «աշխատեն» ձեր երկրում՝ բնակչության սոցիալական խնդիրների լուծման համար»,- ասել էր Մարինա Գալյուչենկոն: Փաստաթղթում շրջանառվում էր նաև Ռոբերտ Քոչարյանի անունը:
Լուսանկարը՝ 2rd.am-ի