ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու հարցի կապակցությամբ շարունակվում են բանակցությունները ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ տեղի է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, ինչը հաստատվել է նաև պաշտոնապես:
Թերթի աղբյուրները մանրամասներ են հայտնել հանդիպումից: Համաձայն այդ տեղեկությունների, հանդիպումը կայացել է Ծառուկյանի խնդրանքով, և վերջինս ասել է, որ վարչապետի դեմ ոչինչ չունի և կարող են միասին աշխատել:
«ՀԺ»-ն նշում է, որ ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի ձևավորմանը կողմ է Ծառուկյանի կուսակցության ողջ գործարար թևը, հարցը, սակայն, շարունակվում է օդում կախված մնալ: ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մտնելուն դեմ է ՀՀԿ-ի մի հսկայական հատված և «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը մտավախություն ունի, որ իր նախարարական պորտֆելները կպակասեն:
Այս պահին իշխանական կուլիսներում քննարկվում է միայն երեք նախարարի պաշտոնակատարների ապագա ճակատագիրը:
«ՀԺ»-ի տեղեկությունների համաձայն, հարցականի տակ են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ճակատագրերը:
«Այս ընթացքում մամուլում պարբերաբար քննարկվել է նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետագա պաշտոնավարման հարցը: Խոսակցություններ կային, որ նա ապագա կառավարության կազմում չի լինելու, ավելին, մշակույթի ապագա նախարարի տարբեր թեկնածություններ էին քննարկվում: Բայց, որքան էլ տարօրինակ է, գոնե երեկվա տեղեկություններով, Հասմիկ Պողոսյանը շարունակելու է իր հետագա պաշտոնավարումը նույն կարգավիճակում: Թեև դա էլ, մեծ հաշվով կախված է ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունների ելքից», – գրում է «ՀԺ»-ն:
Թերթը նշում է, որ այս երկու ուժերի միջև բանակցությունների թեման նաև «հանձնվելիք» նախարարական պորտֆելների քանակն է:
«Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ «Բարգավաճ»-ը կոալիցիա մտնելու համար հինգ պորտֆել է ուզում, իշխանությունը պատրաստ է զիջել միայն չորս պորտֆել: Եվ անկախ այդ բանակցությունների ելքից, մնացած բոլոր պոստերում անձերի փոփոխություն գոնե մինչև աշուն չի նախատեսվում»,- նշում է «ՀԺ»-ն: