Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հրաչ Բեգիջանյանը մեղավոր է ճանաչվել Վարդենիսում դպրօցի տնօրեն նշանակելու պատճառաբանությամբ Մարիաննա Թովմասյանից խաբեությամբ 1.804.200 ՀՀ դրամ գումար հափշտակելու համար, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:
Համաձայն դատավճռի՝ Բեգիջանյանը եղել է Մարիաննա Թովմասյանի հանգուցյալ հոր ընկերը և միաժամանակ նրա հետ ունեցել է երկար տարիների մտերիմ փոխհարաբերություններ: Իրեն ներկայացնելով մեծ շրջապատ և հնարավորություններ ունեցող մարդ՝ ամբաստանյալը Մ.Թովմասյանին խոստացել է մի քանի ամիսների ընթացքում նրան Վարդենիսի տարածքում դպրոցի տնօրեն նշանակել, որի դիմաց 2010 թվականի նոյեմբերի 21-ին Թովմասյանից պահանջել և վերցրել է 1.804.200 ՀՀ դրամ գումարին համարժեք 5000 դոլար:
Սակայն հետագայում հայտնել է, որ այդ գործը չի ստացվելու և Մարիաննա Թովմասյանին ետ է վերադարձրել գումարի մի մասը՝ հրաժարվելով մյուս մասը վերադարձնելուց:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել և մինչ դատաքննությունը սկսելը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ միաժամանակ հայտնելով, որ տուժողի գումարն ամբողջությամբ վերադարձրել է:
Ամբաստանյալի միջնորդությունը բավարարվել է, իսկ նրա նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ ամբաստանյալն անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, ինչպես նաև հաշտվել է տուժողի հետ ու կամովին վերականգնել վերջինիս պատճառած նյութական վնասը:
Ի վերջո դատարանը ամբաստանյալի նկատմամբ որպես պատիժ է սահմանել 500.000 դրամ տուգանք։