Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Քոլին Ռոբերթսին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում Նորին Մեծության դեսպան Ջոնաթան Էյվզը, դիվանագիտական առաքելության փոխղեկավար Ամիաս Մուրեսը:
«Քննարկվել են հայաստանյան վերջին նախագահական ընտրությունները, որոնց իրական արդյունքներով Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրված նախագահն է, իսկ Սերժ Սարգսյանը՝ ընտրակեղծիքների միջոցով հաղթողը: Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի ներքաղաքական առկա իրավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին ու միջազգային հարաբերություններին՝ ընդգծելով Արցախի Հանրապետության գոյության, նրա իրավունքի ճանաչման հրամայականները եւ Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի Մեծ հայրենազրկման հետեւանքների հանգուցալուծման անհրաժեշտությունը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: