Մայիսի 9-ին` Գյումրիում, ապա մայիսի 17-ին՝ Երևանում՝ Ազատության հրապարակում Նախախորհրդարանը կանցկացնի հանրահավաքներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա խոսքով՝ հանրահավաքներին խոսվելու է համաժողովրդական շարժումը համակարգելու համար ինքնակառավարման կառույցների ստեղծման մասին:
Սեֆիլյանն ասել է, որ քանի որ Հայաստանն այսօր օկուպացված է, իսկ մարդիկ ապրում են նոր գաղութատիրական պայմաններում, համակարգի մեջ պայքարը տանելը, մեղմ ասած, միամտություն է:
Նախախորհրդարանի ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել առ այն, որ իրենց չհաջողվեց դրանում համոզել «Ժառանգության» առանջորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Փետրվարի 18-ից հետո ժողովրդական մեծ ալիք էր բարձրացել, և եթե ճիշտ գործեինք, մենք ավելի շուտ կհասնեինք համակարգափոխության: Սակայն մեր հորդորները Րաֆֆի Հովհաննիսյանը չլսեց, մենք ասում էինք, որ օր առաջ պետք է ձևավորվի շարժումը կառավարող մարմին, քանի որ առաջնորդների ժամանակն անցել է, հիմա պետք են առաջնորդող խմբեր»,- ասել է Սեֆիլյանը:
Նախախորհրդարանը սկսել է իր շարժումը առանձին տանել ապրիլի 9-ից հետո, երբ, Սեֆիլյանի խոսքով, տեղի ունեցավ վատթարագույնը:
«Մենք չէինք կարող ձեռքերս ծալած նստել, քանի որ ժողովուրդը հիասթափված էր, և դա հանգեցնելու էր արտագաղթի նոր ալիքի»,- ասել է Սեֆիլյանը:
Նա ընդունել է, որ «Անի» հյուրանոցում հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը ևս խոսել է այլընտրանքային մարմինների ստեղծման անհրաժեշտությունից, թեև նրա հայտարարությունները դեռ հստակ չեն:
Ըստ Սեֆիլյանի՝ Հովհաննիսյանն այդ մասին պետք է խոսեր ապրիլի 9-ին: Բացի դա՝ այն, որ Հովհաննիսյանի թիմը մասնակցում է քաղաքային ընտրություններին, ևս վկայում է, որ նա հույսեր ունի ընտրություններում հաղթելու, մինչդեռ իրականում մասնակցությունը միայն ռեժիմը սնել է:
«Մեր հակառակորդը Բաղրամյան 26-ը չէ: Այն խաղալիք է դարձել գերտերությունների ձեռքին: Եթե պայքարող մարդիկ սա չգիտակցեն, նրանց պայքարը լավագույն դեպքում կարող է բերել իշխանափոխության, սակայն ոչ երբեք համակարգափոխության»,- ասել է Սեֆիլյանը:
Բանախոսի խոսքով՝ անկախության հաստատումից ի վեր գերիշխել է քաղաքական խավի ստրկամտությունը, բարդույթը, թե մենք չենք կարող ինքնիշխան լինել, քանի որ փոքր ենք, քիչ ենք: Իրական կռիվը ոչ թե այլ պետություններ դեմ, այլ այդ բարդույթը հաղթահարելու մեջ է: