Ապրիլի 24-ին Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են անցկացվել:
Ականատեսների վկայությամբ՝ այս անգամ միջոցառումներին նախորդ տարիներից շատ մարդիկ են մասնակցել. նրանց թիվն անցել է 1000-ից:
Մասնակիցների թվում են եղել ինչպես Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ թուրք քաղաքացիական ակտիվիստներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Միջոցառումներից մեկի մասնակիցները Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի հատակին էին տեղադրել Թուրքիայում 1915 սպանված հայ մտավորականների, 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում սպանված «Ակօս» հայ-թուրքական պարբերականի խմբագիր Հրանտ Դինքի, ինչպես նաև 2011թ. ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված Սևակ Բալիկչիի լուսանկարները և մոմեր վառել:
Ստամբուլյան միջոցառումների ֆոտոշարքը Epress.am-ին տրամադրել է ֆոտոլրագրող Ումութ Վեդաթը: Լուսանկարներն օգտագործելու դեպքում հղումը հեղինակին պարտադիր է: