ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀԿ-ից տարածք է վարձակալել, տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ինչպես փոխանցում են թերթի ՀՀԿ-ական աղբյուրները, նախարարությունը վերջերս Վայոց Զորի մարզի Վայք քաղաքում ՀՀԿ տարածքային կառույցի գրասենյակից մոտ 43 քմ տարածք է վարձակալել, և այնտեղ է տեղակայվել նախարարության մարզային ներկայացուցչությունը: ՀՀԿ-ն իր տարածքի համար վարձակալության բավական բարձր գին է սահմանել՝ 206 հազար դրամ:
Թերթը ուշագրավ է համարում այն փաստը, որ մյուս մարզերում այս նախարարությունը տարածքներ վարձակալել է կամ մարզպետարանից, կամ քաղաքապետարանից:
«Ժողովուրդը»-ը հիշեցնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը ՀՀԿ անդամ է:
«Ասել է թե՝ նա պետական գումարներով լավություն է անում հարազատ կուսակցությանը: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիայի դասական օրինակ, որը կիրառվում է շատ ու շատ երկրներում»,- նշում է թերթը: