Ապրիլի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած Ժորժիկ Բաղումյանի հարազատները և պաշտպան Մուշեղ Շուշանյանը պահանջելու են, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, ովքեր մեղավոր են Բաղումյանի մահվան համար: Այս մասին պաշտպանն ասել է Epress.am-ի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ պատասխանատու են առնվազն Բաղումյանի գործը քննող Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ Էդգար Անտոնյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բագրատ Պետրոսյանը, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանը:
Շուշանյանն ասել է, որ այս անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, քանի որ նրանք են պատասխանատու Բաղումյանին անօրինական կալանքի տակ պահելու և նրա մահվան համար:
Ժորժիկ Բաղումյանը իրանահայ է, ով, հրաժարվելով ԱՄՆ-ի քաղաքացիությունից, 1990-ականների կեսերին եկել է Հայաստան: 1997 թվականին՝ հոր մահվանից հետո, Բաղումյանը ղեկավարել է հոր հիմնադրած ընկերությունը, որը զբաղվել է էլեկտրոնային մարտկոցների արտադրությամբ և մարտկոցներ է մատակարարել բանակին:
Նրան մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու, ապօրինի զենք պահելու համար: 2012 թվականի հոկտեմբերի 27-ից նա եղել է կալանքի տակ: Բաղումյանի պաշտպանությունը իրականացնող փաստաբանը միջնորդել է Բաղումյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժել, իսկ այն բավարարելու դեպքում կիրառել գրավ` առաջարկելով ազատ արձակել 2 միլիոն դրամի դիմաց: Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը մերժել է փետրվարի 22-ի դատական նիստում, իսկ Վերաքննիչ դատարանն այդ որոշումը թողել է անփոփոխ:
Ապրիլի 22-ին կայացած նիստին փաստաբան Շուշանյանը կրկին միջնորդել է կալանքի ժամկետը երկարացնելու քննիչի միջնորդությունը մերժել, իսկ այն բավարարելու դեպքում կիրառել գրավ: Փաստաբանը դատարանի ուշադրությունն է հրավիրել Բաղումյանի առողջական վիճակի վրա՝ հայտարարելով, որ եթե դատավորը բավարարի քննիչի՝ կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը, դա կլինի ոչ այլ ինչ, քան մահվան դատավճիռ՝ հաշվի առնելով Բաղումյանի առողջական վիճակը:
65-ամյա Բաղումյանը եղել է հիպերտոնիկ, նախկինում տարել էր սրտի կաթված, տառապում էր շաքարախտով:
Չնայած դրան, դատարանը չորրորդ անգամ է բավարարել քննիչի միջնորդությունը և մերժել պաշտպանի միջնորդությունը: Շուշանյանի խոսքով՝ այդ որոշումը թևաթափ է արել առանց այն էլ կալանքից ու հայկական քրեակատարողականներից տառապող Բաղումյանին: