«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
Հայցադաիմումով բողոքարկվում է օրեր առաջ ԿԸՀ կայացրած այն որոշումը, որով ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը չէր համարվել ընտրական օրենսգրքի խախտում:
Նշենք, որ նշված միջոցառման ընթացքում կանանց և աղջիկներին բաժանվում էին ծաղիկներ Տարոն Մարգարյանի անունից, ինչը, «Բարև Երևան»-ի կարծիքով, հանդիսանում է Տարոն Մարգարյանի քարոզչություն՝ հարկատուների գումարների հաշվին:
Վարչական դատարանից հայցվոր Դանիել Իոաննիսյանը խնդրում է նշված միջոցառումը որակել որպես թեկնածուի անունից քաղաքացիներին անվճար ապրանքների և ծառայությունների մատուցում, ինչը խստիվ արգելված է ՀՀ ընտրական օրենսգրքով:
Քաղաքապետարանի կողմից կատարված այս խախտումը նկարահանվել է «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների կողմից:
Դատարանի նիստը տեղի կունենա այսօր ժամը 16:00-ին:
Բացի այդ, Դանիել Իոաննիսյանը ընտրախախտումների մասին տեղեկություններով արդեն 2-րդ դիմումն է ներկայացրել ԿԸՀ: Դիմումով, բացի խախտումները վերացնելուց և մեղավորներին պատժելուց, ԿԸՀ-ից պահանջվում է դիմելով դատարան չեղյալ համարել Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, քանի որ վերջինս բազմաթիվ խախտումներ է կատարել:
«Այս դիմումի քննարկումը հավանաբար կկայանա հաջորդ շաբաթ, ինչի մասին հավելյալ կտեղեկացնենք՝ ներկայացնելով բոլոր մանրամասները», – ասված է «Բարև Երևան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ: