Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է «Ժողովուրդ» օրաթերթի և օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանի հայցն ընդդեմ «X գրուպի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Սոնա Գրիգորյանը:
««Ժողովուրդ» օրաթերթը և ես դատի էինք տվել Խաչիկ Խաչատրյանին` պահանջելով ներողություն խնդրել օրաթերթից և ինձանից, քանի որ վերջինիս ես հարց էի ուղղել, ու ինքը ինձ վիրավորել ու հայոյել էր: Այսօր դատավորը հրապարակեց վճիռ, որտեղ մերժեց մեր պահանջը», – ասել է լրագրողը:
Նա նաև ասել է, որ իրենք բոյկոտել են դատական նիստը և չեն լսել, թե ինչ պատճառաբանությամբ է դատարանը մերժում իրենց հայցը: Ըստ լրագրողի` դատավորները շարունակում են պաշտպանել օլիգարխների շահերը:
«Իրենց լկտի պահվածքով շարունակում են պաշտպանել օլիգարխներին, և որ բավարարված մնան միայն նրանք և ոչ թե պաշտպանվեն լրագրողների շահերը: Դատավորները գտնվում են վերահսկողության ներքո ու իրենք նախընտրում են ոչ թե լրագրողների շահերը պաշտպանել, այլ ընդամենը հանդես գալ որպես օլիգարխի քմահաճույքները կատարողներ», – ասել է Սոնա Գրիգորյանը:
Նրա խոսքով` չի բացառվում, որ դատարանի նման դիրքորոշումը խորացնի անպատժելիության մթնոլորտը, լրագրողներին վիրավորողները կշարունակեն մնալ անպատիժ:
ԳԱԼԱ-ն հիշեցնում է, որ «X գրուպի» սեփականատերը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին անվանել էր «պրաստիտուտկա»: