Home / Հայաստան / Մարտի 1-ի հարցով հանձանժողով ստեղծելու մասին քվեարկությունը հետաձգվեց

Մարտի 1-ի հարցով հանձանժողով ստեղծելու մասին քվեարկությունը հետաձգվեց

Այսօր Ազգային ժողովում որոշում է կայացվել հետաձգել Մարտի 1-ի դեպքերի քննությամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քվեարկությունը:

Հիշեցնենք, որ հանձնաժողով ստեղծելու շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս նախորդ քառօրյայի ընթացքում, երբ նախագիծն առաջարկած ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել էր իրենց հիմնավորումները:

Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը նշել է, որ իշխող կուսակցության խմբակցությունը դեռևս քննարկում է առաջարկը, և իրենց որոշակի ժամանակ է պետք՝ նախագծի վերջնական տարբերակ ունենալու համար:

Գագիկ Ջհանգիրյանը նշել է, որ իրենք համաձայն են ՀՀԿ-ի խմբագրական բնույթի առաջարկներին, իսկ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ կողմ կլինեն այն տարբերակին, որին հավանություն կտա ՀԱԿ խմբակցությունը:

Հիշեցնենք, որ 2008 թվականին մարտի 1-ի վաղը առավոտյան ոստիկանության զորքերը ջախջախեցին 10 օր Ազատության հրապարակում խաղաղ հանրահավաքներ անցկացնող ընդդիմության վրանային ավանը: Ոստիկանական ուժերի հարձակումը սկսվեց մինչև 07:00-ն, իսկ Ազատության հրապարակից դուրս մղված մարդկանց իրավապահները դեռ երկար հետապնդում էին:

Ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ երեկոյան ոստիկանության կողմից հրազեն կիրառվեց և զոհվեց առնվազն 10 մարդ՝ Տիգրան ԽաչատրյանըԳոռ ՔլոյանըՏիգրան ԱբգարյանըԱրմեն ՖարմանյանըԴավիթ ՊետրոսյանըՀամլետ ԹադևոսյանըՀովհաննես ՀովհաննիսյանըԳրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը և Զաքար Հովհաննիսյանը: Մինչ օրս սպանությունների համար ոչ ոք չի դատապարտվել: