Home / Հայաստան / Ռեժիմի «պահապան հրեշտակը» ՀՀԿ-ին հեռու է պահում հանցագործության հետևանքներից. Զուրաբյան

Ռեժիմի «պահապան հրեշտակը» ՀՀԿ-ին հեռու է պահում հանցագործության հետևանքներից. Զուրաբյան

Հայ ԱզգայինԿոնգրեսը լինելու է այս ավազակապետության գերեզմանափորը, և ռեժիմը միշտ էլ շատ լավ է իմացել այդ մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Իրենց համար հիմնական վտանգը դիմադրության շարժումն է, որը պահպանել է պետական կառավարման վերաբերյալ դեմոկրատական ազնիվ պատկերացումները և պատրաստվում է դրանք կիրառել Հայաստանում ՝ իշխանության գալուց հետո, դրա համար ամենաշատը պիտի կատաղի դիմադրեն մեզ», – ասել է Զուրաբյանը:

Վերջինս, իշխող ռեժիմի դիմադրության մասին խոսելով, անդրադարձել է անցյալ շաբաթ ծեծի ենթարկված Հակոբ Կարապետյանի դեպքին՝ նշելով, որ «ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սերժ Սարգսյանի ու ռեժիմի պահապան հրեշտակի» գործառույթն է ստանձնել:

«Լրագրողի վրա հարձակման դեպքի վերաբերյալ ոստիկանության գործողությունները ոստիկանապետ Վովա Գասպարյանի արձագանքն ուղղակի ծիծաղելի էին: Պատժելով Ամիրջանյանին՝ նա ընդունում  է, որ տեղի է ունեցել հանցագործություն, որին ներկա էին ոստիկանները: Նրանք, փաստորեն, չեն արձագանքել, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ուրեմն այս ծառայողական քննության փաստով նրանք ընդունել են, որ նման դեպք տեղի է ունեցել: Այդ դեպքում ինչո՞ւ նույն ոստիկանությունը չի զբաղվում ծեծի հեղինակին պատժելու գործով», – ասել է Զուրաբյանը:

Ըստ բանախոսի՝ պատճառը շատ պարզ է՝ Կարապետյանին ծեծի ենթարկողը ՀՀԿ ավագանու անդամ է:

«Շատ կոնկրետ մարդ, որի նկարը հրապարակված է, բոլորը գիտեն, բայց ոչինչ չի արվում: Այսինքն՝ ոստիկանությունն իրականում զբաղված է այս հանցագործությունը  կոծկելով. վերցնում է կրակը իր վրա, բայց իրականում զբաղված է գործը կոծկելով, փորձում է ՀՀԿ-ին հեռու պահել այս հանցագործության հետևանքներից», – նշել է  Կոնգրեսի փոխնախագահը:

Նա ընդգծել է, որ այսօր շատ բան կախված է ՀԱԿ-ից ու նրա հետևողականությունից և պահանջկոտությունից:

«Շատ բան կախված է նաև ժողովրդական զանգվածների ճնշումներից: Եթե ժողովուրդը ակտիվ լինի, եթե ժողովուրդը հազարներով հանրահավաքների գա… ռեժիմը նահանջում է ու փորձում է, այնուամենայնիվ, հետևել օրինականությանը, եթե ժողովուրդը հանձնվում է ու պասիվ է՝ ռեժիմը նորից լկտիանում է», – եզրափակել է Զուրաբյանը: