Մայիսի 5-ի ընտրությունը կարևորագույն և ճակատագրական ընտրություն է, քանի որ այդ օրը հնարավոր է երկրում լրջագույն փոփոխություններ սկսել, որոնք էական դրական տեղաշարժեր կարող են բերել քաղաքացիների կյանքում:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում այսօր գրել է ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին համար, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Հաջորդ հնարավորությունը մեզ տրվելու է չորս-հինգ տարի հետո՝ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների ժամանակ:
Մայիսի 5-ին մայրաքաղաքի ղեկը վերցնելու դեպքում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ոչ միայն քաղաքական հակակշիռ է լինելու իշխող ուժին, այլև հակակշիռ ու մրցակից է լինելու կառավարությանը, նրա վարած տնտեսական քաղաքականությանը: Այսպիսի իրավիճակից միայն ու միայն կշահի երկիրը, քաղաքը և յուրաքանչյուր քաղաքացի:
Մայիսի 5-ին քաղաքի իշխանությունը վստահելով ոչ իշխանական ուժ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ Դուք առնվազն երկրում սկիզբ կդնեք քաղաքական մթնոլորտի առողջացմանը, մրցակցության ու հակակշիռների մեխանիզմի հաստատմանը, ինչը երկիրը կդնի ժողովրդավարական զարգացման ճիշտ ճանապարհի վրա:
Իմ խորին համոզմամբ՝ չկա ժողովրդի կողմից բարձրացված որևէ խնդիր, որը թեկուզ այսօրվա բյուջեի հնարավորությունների սահմաններում լուծելի չլինի: Այստեղ պետք է քաղաքական կամք, սրտացավություն, հոգատարություն, նոր մտածելակերպ և քրտնաջան աշխատանք՝ առանց նեղ շահերի հետապնդման», – գրել է Օսկանյանը:
ԲՀԿ-ականը նաև նշել է, որ Երևանի բյուջեի ծախսերում կորուստներն ու մսխումները շատ են, իսկ քաղաքային իշխանությունները չեն կարողացել իրենց առաջ դնել ճիշտ առաջնահերթությունները:
«Այն, ինչ այսօր՝ ընտրությունների նախաշեմին, արվում է, աշխատանքի իմիտացիա է: Քաղաքի տեսանելի մասերում միաժամանակյա արհեստական աշխատանքները լավագույն վկայությունն են այն բանի, որ չորս տարի քաղաքային իշխանությունները լուրջ աշխատանք չեն կատարել: Ինչի՞ համար ենք քաղաքի կենտրոնի անփոս ասֆալտները քանդում ու նորը անում: Ո՞ւմ փողերով և ո՞ւմ համար ենք ծաղիկներ դնում գլխավոր փողոցներում, երբ նրանց կողքին աղբակույտեր են գոյանում:
Ի՞նչ է՝ այս ամենն անում ենք զարմացնելո՞ւ կենտրոնի բնակիչներին, թե՞ տարեկան Երևան այցելող մի քանի հազար զբոսաշրջիկներին, երբ մեր երկրից մի քանի տարին մեկ մի քանի հարյուր հազար քաղաքացի է արտագաղթում՝ նվազագույն խնդիրների լուծման հույս չունենալով:
Ձեր որոշումից է կախված, թե ինչպիսի ընթացք կունենա մեր երկրի զարգացումը մոտ ապագայում», – նշել է Օսկանյանը:
Հիշեցնենք, որ 4 տարի առաջ կայացած Երևանի ընտրություններին ավագանու կազմի մեջ էին ընդգրկվել երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը:
Վերջինս հրաժարվել էր մանդատները վերցնել՝ հայատարարելով, որ չի կարող արդյունավետ աշխատել ավագանիում, որտեղ մեծամասնությունը ՀՀԿ-ն է կազմում: Այսպիսով, Երևանի ավագանիում էին մնացել երկու քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: