Home / Տեսանյութեր / «Գժի տեղ են դրել». ՀԱԿ-ի թեկնածուները՝ Ազատության հրապարակում

«Գժի տեղ են դրել». ՀԱԿ-ի թեկնածուները՝ Ազատության հրապարակում

Ժողովուրդը չպետք է տեղի տա իշխանական այն քարոզչությանը, թե Երևանի ընտրությունները կարևոր չեն, ու պետք է ակտիվ մասնակցի մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ընթացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հանրահավաքին ասել է Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկված Գայանե Ղազարյանը:

Ընտրությունները, ըստ Ղազարյանի, կարևոր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս լծակներ խլել իշխանություններից:

Ըստ բանախոսի՝ իշխող ուժը չի հարգում քաղաքացուն. որպես օրինակ Ղազարյանը նշել է Տարոն Մարգարյանի պաշտոնապես հայտարագրված միլիոնավոր դրամների հասնող միջոցները, որոնց համար նա բացատրություն անգամ չի տալիս:

Ղազարյանը նշել է, որ այդքան միջոցներ աղքատ երկրում ունենալը նշանակում է, որ իշխանությունները հասարակությանը զրկել են բոլոր լծակներից:

Ելույթի այդ հատվածում հրապարակում հավաքվածները սկսել են վանկարկել «Տարոն, հեռացիր»:

ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկված Վլադիմիր Կարապետյանն իր ելույթում նշել է, որ Հանրապետական կուսակցությունը Երևանում ձայն չունի:

«Գիտակից, մտածող ընտրողը չի կարող ձայնը տալ մեկին, ով հայերեն խոսել չգիտի», – մասնավորապես, ասել է Վլադիմիր Կարապաետյանը:

 

Նա նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում, ծաղր է երևանցիների նկատմամբ, քանի որ ՀՀԿ-ն չունի համախոհներ, գաղափարական ընտրողներ: Ելույթ ունեցողը նշել է, որ Հանրապետականի դրածոն (նկատի ունի Տարոն Մարգարյանին) խուսափում է բանավեճերից, լրագրողների հետ շփվելուց, ինչպես նաև վախ ունի հաշվետություններ ներկայացնել:

ՀԱԿ-ի ավագանու ցուցակի 3-րդ համար Արման Մուսինյանը մեջբերել է ՀՀԿ-ի կողմից անցկացված արդյունքների տվյալները, որոնց համաձայն իշխող կուսակցությունը 57 տոկոս ունի, իսկ ՀԱԿ-ը՝ 3 տոկոս՝ ասելով, որ «երևանցիներին գժի տեղ են դրել»:

«Ցույց տվեք որևէ երկիր, որտեղ իշխանության ղեկին գտնվող կուսակցությունն ամբողջ ուժով պայքարում է 3 տոկոս ունեցող ուժի հետ», – ասել է Մուսինյանը: