Հայաստանում «ընդդիմություն» գաղափարը վտանգված է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Նրա խոսքով՝ բավարար չէ հայտարարել էր, որ գործում ես ընդդիմության դաշտում: Իրականում հարկավոր է պաշտպանել հասարակության մեծամասնության շահերը, իսկ Հայաստանում այսօր չկա մի կուսակցություն, որը դա անում է: Խզմալյանը նշել է, որ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընդդիմություն է, ապա կլինեն նրանք, ովքեր կամաչեն իրենց ընդդիմություն անվանել:
«Մենք պարտավոր ենք ձևավորել քաղաքական մարմին, որը կպաշտպանի հասարակության ճնշող մեծամասնության ոտնահարված շահերը», – ասել է Խզմալյանը:
Նրա խոսքով՝ «Նախախորհրդարանը» մայիսի 9-ին Գյումրիում կայանալիք հանրահավաքով վիրտուալից կդառնա շոշաթելի: Խզմալյանը նշել է, որ այդ քայլին իրենք բավական ուշ են գնում, քանի որ «պատերազմի ժամանակ չի կարելի պառակտվել», և իրենք, միանալով ընդդիմադիր շարժումներին, փորձում էին դրանց առաջնորդներին բացատրել՝ որտեղ է այն ողբերգական սխալը, որը իրենք գործում են:
Այժմ, Խզմալյանի խոսքով, իրենք հասկացել են, որ դա անիմաստ է: Իրականում, ըստ կինոռեժիսորի, թե 2008 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի շարժումը, թե 2013 թվականի Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը ցանկացել են իշխանափոխություն իրականացնել, մինչդեռ երկրին համակարգափոխություն է անհրաժեշտ:
Երևանում «Նախախորհրդարանը» հանրահավաք է անցկացնելու մայիսի 17-ին, որի ընթացքում կներկայացնի իր ծրագրային մոտեցումները: