ՀԷԿ-ի շինարարությունը, որի դեմ այսօր բողոքում էին Ուջան գյուղի բնակիչները, փակելով Երևան-Գյումրի մայրուղին, արդեն մոտ 1 տարի է, ինչ սկսված է: Այս մասին ԳԱԼԱ–ի հետ զրույցում պատմել է Ուջան գյուղի բնակիչ Արտյոմ Ազատյանը:
Նրա խոսքով՝ մոտ 2 շաբաթ բյուրականցիներն են փորձել խոչընդոտել շինարարությանը: ՀԷԿ-ի գործարկման դեպքում կտրվելու է Արագածից գյուղեր եկող խմելու և ոռոգման ջուրը:
«Հիմնական աղբյուրները, առուները, որ գալիս են դեպի գյուղ, ՀԷԿ է սարքում Աղվան Հովսեփյանը, գյուղացիներն իջել փակել են էսօր մայրուղին: Ավանի, Ուջանի, Բյուրականի և հարակից այլ գյուղերի բնակիչներն են եղել միասին: Հետո գյուղապետն է եկել, Վովա Գասպարյանը` ոստիկաններով, մարզպետարանից են եղել, համոզել են, որ ԳԵՍ-երը չի աշխատի, ջուրը կտան: Համոզել են, այդ պատճառով մարդիկ ցրվել են տներով:
Վովան ա եղել, մարզպետարանից են եղել, եկել են, համոզել են` ժողովրդի հետ կքննարկեն, լուծում կգտնեն, վերցրել են ժողովրդից մի քանիսին, գնացել են ԳԵՍ-ի մոտ` տեսնեն ինչ կա էնտեղ` փակեն, պլոմբեն, ինչ անեն…»,- պատմել է Ուջանի բնակիչը:
ԳԱԼԱ-ն ՀՀ գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանից հետաքրքրվել է՝ արդյոք Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գյողացու ասածը համապատասխանում է իրականությանը, ինչին Տռուզյանը պատասխանել է. «Ես բազմիցս արդեն մեկնաբանություն տվել եմ և ասել եմ, որ ասեկոսեները մեկնաբանել չեմ պատրաստվում»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 1000-ից ավելի գյուղացիներ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում կանգնեցրել են բեռնատար և այլ մակնիշի տրանսպորտային միջոցներ, ճանապարհի լայնքով դրվել են ջրի հսկայական խողովակներ, որպեսզի խոչընդոտեն երթևեկությունը տվյալ հատվածում: Այս մասին հայտնել էր Shamshyan.com կայքը:
12:00-ի սահմաններում ոստիկանների և գյուղացիների բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի