Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կոալիցիոն ուժերի ցուցակների առաջին համարները՝ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը և ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը, չնայած հրավիրվել են, սակայն չեն մասնակցել այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպած բանավեճին:
Նրանց բացակայության փաստին անդրադարձել են բոլոր մյուս թեկնածուները՝ դա համարելով շատ խոսուն վկայություն այն բանի, որ գործող քաղաքապետը և նախարարը չեն ցանկանում շփվել մարդկանց հետ:
Նշենք, որ Մարգարյանը զբաղեցնում է Երևանի քաղաքապետի պաշտոնը, իսկ Արմեն Երիցյանը՝ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարն է:
ՀՅԴ ցուցակի առաջին համար Արմեն Ռոստամյանն ասել է, որ, փաստորեն, կոալիցիոն ուժերը չեն պատրաստվում վերընտրվել, այլ ցանկանում են վերարտադրվել ու չունեն ընտրողին համոզելու խնդիր: Փոխարենը, Ռուստամյանի խոսքով, նրանք ունեն ընտրողին գնելու կամ վախեցնելու հույսեր: ԲՀԿ-ի ցուցակի առաջին համարը զբաղեցնող Վարդան Օսկանյանն էլ ասել է, որ չներկայանալը պատասխանատվությունից խուսափել է:
Բացի Օսկանյանից և Ռուստամյանից, հանդիպմանը ներկա են եղել ՀԱԿ-ից՝ Վահագն Խաչատրյանը, «Բարև Երևան» դաշինքից՝ Արմեն Մարտիրոսյանը և «Առաքելություն» կուսակցությանից՝ Մեսրոպ Առաքելյանը:
Նշենք, որ հանդիպման ավարտին հասցրել է գալ ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը: Խոսքի իրավունք խնդրելով՝ նա բողոքել է, որ իրեն 20 րոպե է՝ դահլիճ չէին թողնում:
Խոսելով Երիցյանի բացակայության պատճառների մասին՝ Մարգարյանը նշել է, որ իր կուսակցությանն ասել են, թե հանդիպումը կայանալու է «Անի» հյուրանոցում: Բացի դա, Մարգարյանի խոսքով, Երիցյանը տվյալ պահին այլ հանդիպման է եղել: