Հակառակ ավագանու ընտրությունները չքաղաքականացնելու և Երևանի քաղաքապետի դերը աղբահանության գործառույթի հանգեցնելու ուղղությամբ իշխանության գործադրած ջանքերին` չկա մի բանական էակ, ով չհասկանա, որ դրանից ավելի կարևոր քաղաքական հարց այսօր Հայաստանում գոյություն չունի և գոյություն չի էլ ունենալու առաջիկա չորս տարիների ընթացքում, քանի որ ավագանու ընտրություններում լուծվելու է ոչ թե սոսկ քաղաքապետի, այլ, առանց չափազանցության, ռեժիմի ճակատագիրը։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։
«Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։
Ցավոք, սակայն, իմ տպավորությամբ, իշխանություններն ավելի լավ են հասկանում այս պարզ ճշմարտությունը, քան քաղաքական ուժերից շատերը։ Դրա վկայությունն է այն, որ վարչախումբը, մի կողմ դրած ընդամենը երեքամսյա հնություն ունեցող բարի ընտրություններ անցկացնելու մտադրությունը, կրկին վերադարձել է չար ու բռնի ընտրություններ անցկացնելու իր հին ու փորձված մեթոդին` գրեթե ամեն օր ոստիկանության եւ քրեական տարրերի միջոցով ահաբեկումներ ու սադրանքներ իրականացնելով ընդդիմության, մասնավորապես, Հայ Ազգային Կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստների նկատմամբ։
Նկատի ունենալով Երևանի ավագանու ընտրությունների գերկարևորությունը երկրի ապագայի համար, հարկ եմ համարում մի վերջին անգամ բարեկամական կոչով դիմել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին ու հասարակական կազմակերպություններին՝ մի կողմ դնել առկա անհամաձայնություններն ու փոխադարձ կշտամբանքները և, դառնալով մեկ միասնական բռունցք, մայիսի 5-ին վճռական ճակատամարտ տալ հանցավոր ռեժիմին՝ մայրաքաղաքը նրա ճիրաններից կորզելու և դրանով Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումը մոտեցնելու համար», – ասել է Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ նախագահը համոզմունք է հայտնել, որ նախագահական ընտրություններից ընդամենը երկուսուկես ամիս անց, երբ դեռ մարած չի լինելու ռեժիմի դեմ ծառացած ժողովրդի ընդվզման լիցքը, կա՛ այդ հնարավորությունը, և ընդդիմության կողմից հանցագործություն կլինի չօգտագործել այդ լիցքն ու կորցնել այն։
«Չպետք է մոռանալ, որ ռեժիմի նկատմամբ համընդհանուր դժգոհությունից բացի, նրան մեծապես խոցելի է դարձնում նաեւ քաղաքապետի իշխանական թեկնածուի անձը։ Թեև Հայ Ազգային Կոնգրեսի հիմնադիր համագումարում ես իմ կուսակիցներին կոչ էի արել չանձնավորել նախընտրական քարոզչությունը, սակայն վերջինիս ներկայացրած եկամուտների ու ունեցվածքի հայտարարագիրը այնքան սպառիչ է բնութագրում նրա բարոյական նկարագիրը, որ թե՛ կուսակիցներիս, թե՛ նաև ինձ համար անհնար է դարձնում հետևել այդ կոչին։ Իր ողջ չափահաս կյանքում բացառապես վարչական պաշտոններ զբաղեցրած մարդը ոչ մի երկրում չէր կարող օրինական ճանապարհով դիզել այնպիսի հսկայական կարողություն, ինչպիսին 10–12 տարվա ընթացքում հաջողվել է, չգիտեմ ինչ տաղանդի շնորհիվ, դիզել ՀՀԿ-ական այդ հրաշամանուկ թեկնածուին: Իսկ եթե դրան գումարենք նաև Հայոց Մեծերի պանթեոնում բոլոր մնացյալ աճյունների վրա գերիշխող նրա հոր հսկայածավալ սկյութական դամբարանը, ապա այդ անձնավորության կերպարը կատարյալ կդառնա։ Առանձին վերցրած այս երկու փաստերն արդեն լիակատար հիմք են՝ մայիսի 5-ին վճռական «ո՛չ» ասելու նրա գլխավորած հանրապետական ցուցակին։ Զարմանալ կարելի է, թե որքան ցինիկ պետք է լինի մի իշխանություն և որքան պետք է արհամարհի սեփական ժողովրդին, որպեսզի հասարակությանը ներկայանա ահա այսպիսի նկարագրի տեր թեկնածուով: Պարզապես կարելի է ասել՝ Սերժ Սարգսյանը սադիստ է այդպիսի թեկնածու ներկայացնելու համար», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ելույթ ունեցողի խոսքով՝ դժբախտաբար, ընդդիմությանն ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց ընտրություններին մասնակցել դաշինքով կամ միասնական ցուցակով, և, բնականաբար, յուրաքանչյուր կուսակցություն ընտրողներին կոչ է անելու ձայն տալ սեփական ցուցակի և քաղաքապետի իր առաջադրած թեկնածուի օգտին՝ ենթադրելով, որ ընդդիմության դաշինքն ինքնըստինքյան կձևավորվի ընտրություններից հետո։
«Ուստի հետևելով այս տրամաբանությանը, մենք նույնպես ժողովրդին կոչ ենք անում միահամուռ կերպով մասնակցել ընտրություններին և քվեարկել Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակի ու այն գլխավորող Վահագն Խաչատրյանի օգտին։
Գիտակցելով, որ ընդդիմության մաքսիմում-ծրագիրը պետք է լինի Երևանի ավագանու կազմում մեծամասնության ապահովումը, իսկ մինիմում-ծրագիրը՝ Հանրապետական կուսակցության համար 40%-ից ցածր քվեների արձանագրումը, Հայ Ազգային Կոնգրեսը միակողմանիորեն, առանց նախապայմանների, իր համար սահմանել է քարոզարշավային հետևյալ կանոնները. Քննադատության միակ թիրախ դարձնել իշխանական կոալիցիան ներկայացնող Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցություններին.
– Հակաքարոզչությամբ չզբաղվել ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, նույնիսկ այն պարագայում, երբ նրանցից որևէ մեկը չի հարգի այս կանոնները.
– Չանել որևէ քայլ, որը կխանգարի ընտրություններից հետո ավագանու կազմում ընդդիմադիր դաշինքի ձևավորմանը…
…Հարկ եմ համարում շեշտել, որ այն ո՛չ մեր պայքարի սկիզբն է, ո՛չ էլ վերջը, այլ ընդամենն այդ պայքարի մի հանգրվանը, թեև, ինչպես արդեն նշվեց, չափազանց կարևոր հանգրվաններից մեկը։ Հետևաբար, իր կարևորությամբ հանդերձ, ինչպիսին էլ լինի ընտրության արդյունքը, այն բացարձակապես չի ազդի Կոնգրեսի հետագա նպատակասլաց, հետևողական, համառ ու տքնաջան գործունեության վրա։
Հասարակությունը կարող է համոզված լինել, որ ի դեմս Կոնգրեսի կա՛ ինստիտուցիոնալ առումով լիովին կայացած, հասուն, միաձույլ, վճռական քաղաքական ուժ, որը լինելու է իր մշտական ուղեկիցն ու երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործոններից մեկը, և որը երբեք չի հուսալքվելու, չի հոգնելու, երբեք հանցագործ իշխանությունների հետ խաղեր չի տալու՝ պայքարելով այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը չի ազատվել ավազակապետության ճիրաններից և չի բռնել աշխարհի իրավական, ժողովրդավար ու բարգավաճ պետությունների շարքը դասվելու ճանապարհը։
Ով պատրաստ չէ անձնվեր, անշահախնդիր, երկարատեւ պայքարի, Կոնգրեսի շարքերում տեղ չունի։ Ով պատրաստ չէ մոռանալու սեփական ես-ը և զրկանքների գնով լծվելու երկիրը չարիքից ազատելու անհետաձգելի գործին, թող բարի լինի խանգարել մեզ ու շարունակի գուժել Կոնգրեսի մոտալուտ թաղումը։ Մենք սովոր ենք թե՛ ճակատից, թե՛ կողքից, և թե՛ թիկունքից հասցվող հարվածներին, բայց ոչ ոք թող հույս չունենա, որ դա կարող է մեզ թեւաթափ անել ու ետ կանգնեցնել մեր պայքարից», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լուսանկարը՝ President.am