Ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ վաշխառությամբ, գույք հափշտակելով և շորթումով են զբաղվել: Այս մասին ասված է «Հայկական ժամանակ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան ուղարկված ՀՔԾ-ի նամակում:
Հիշեցնենք, որ «ՀԺ»-ն ավելի վաղ գրել էր, որ իրավապահները քննում են ոստիկանության պաշտոնյաների մասնակցությամբ ստեղծված ֆինանսական բուրգի գործը: Թերթը հենց այդ բուրգի գործունեության հետ էր կապել Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությունը: Ֆինանսական բուրգի առնչությամբ մամուլում շրջանառվում է նաև Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունը:
ՀՔԾ-ն, սակայն, իր պատասխանի մեջ անուններ չի նշում:
«2013թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր, որոնցում առկա են ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների՝ վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու և շորթում կատարելու հանցագործության հատկանիշներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ դեպքերի առթիվ նույն օրը հարուցվել է քրգործ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (շորթում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ (վաշխառություն, որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ): Կատարվում է նախաքննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Քննության շահերից ելնելով՝ ներկա փուլում այլ մանրամասներ չեն հրապարակվում», – նշում է ՀՔԾ-ն։