Ապրիլի 23-ին հանրապետությունում գրանցված ցրտահարության մասին ՀՀ գյուղնախարարությունը իմացել է, երբ Արմավիրի ու Արարատի մարզի ցրտահարված ցանքատարածքների տերերը ահազանգել են՝ տեղեկացնելով կրած վնասների մասին: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթը նշում է, որ գյուղնախարարությունը միայն ապրիլի 24-ին է սկսել հեռախոսային (sms) հաղորդագրություններ ուղարկել, թե ցրտահարություն է սպասվում և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել:
«Այդկերպ ոլորտի պատասխանատուների փորձել են տպավորություն ստեղծել, թե իրենք աշխատում են, մտահոգվում, հաղորդագրություններ տարածում, բայց իրականում բանից անցած է եղել, և գյուղնախարարությունը ժամանակ և ֆինանսներ է ծախսել հետագայում «արդարացման» հոդ նախապատրաստելու համար», – նշում է թերթը:
«ՉԻ»-ն փորձել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից մեկնաբանություններ ստանալ ցրտահարության հասցրած վնասների մասին, սակայն ոլորտի պատասխանատուն ասել է. «Բա հիմա դրա ժամանա՞կն է»:
Թերթը հավելում է, որ իր տեղեկություններով՝ գյուղացիներին հասցված վնասների չափը պարզելու նպատակով պետական հանձնաժողով ստեղծելու փոխարեն, գյուղնախարարությունը գործը գցել է գյուղապետների վրա՝ նրանց հրահանգելով հանձնաժողովներ ստեղծել:
«Սրանից ավելի անլուրջ մոտեցում գյուղացիները չէին էլ կարող ակնկալել», – գրում է «ՉԻ»-ն: