Այսօր ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի «Հանցագործություն կատարելու մասին» հաղորդումը: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, դիմումին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:
Հիշեցնենք, որ հաղորդումը վերաբերում է Երևանի քաղաքապետ, մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակի առաջին համար Տարոն Մարգարյանի եկամուտներին:
ՀԱԿ-ը Երևանի ընտրությունների քարոզարշավի ժամանակ բազմիցս նշել է, որ Տարոն Մարգարյանը միլիոնավոր դրամների հասնող ունեցվածք է հայտարարագրել, ինչը կասկածելի է, քանի որ քաղաքապետը բուհն ավարտելուց հետո աշխատել է պետական համակարգում:
Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Զուրաբյանը նշել էր, որ ՀՀԿ-ականներն իրենց խնդրել էին փաստեր ներկայացնել, և այժմ ՀԱԿ-ը հենց դա է անում՝ լսելով ՀՀԿ անդամների կոչերը: ՀԱԿ փոխնախագահն ընդգծել էր, որ ներկա ապացույցներն անհերքելի են և մեղադրել է Տարոն Մարգարյանին ժողովրդին թալանելու մեջ:
ՀԱԿ ներկայացուցիչները ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին խնդրում են պարզել «Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրում գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, գտնվելու վայրի, տնօրինման եղանակի, տեղաշարժի, իրավունքների կամ պատկանելության կամ գույք ձեռք բերելու կամ տիրապետելու կամ օգտագործելու կամ տնօրինելու օրինականությունը, դրանց ձեռք բերման կապը կոռուպցիոն երևույթների, մասնավորապես, «ատկատների» կամ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների իրականացման հետ»: