«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին հայտարարել է, որ թեև այսօրվա հանրահավաքը նվիրված է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, սակայն քանի որ ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքից անցել է գրեթե 10 ամիս, նա նպատակահարմար է համարել նախքան այդ հարցին անդրադառնալը, թեկուզ համառոտակի գնահատել նշված ժամանակամիջոցում Հայաստանում տեղի ունեցած մի ավելի կարևոր իրադարձություն։
«Խոսքը, ինչպես վստահ եմ, արդեն իսկ կռահեցիք, վերաբերում է անցած նախագահական ընտրություններին։ Երկար-բարակ վերլուծության փոխարեն ես նպատակահարմար եմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել այդ ընտրություններին վերաբերող հետևյալ ամփոփիչ արձանագրումները.
1. 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանի ավազակապետական ռեժիմին հերթական անգամ հաջողվեց համատարած ընտրակեղծիքների և ժողովրդի կամարտահայտության բացահայտ բռնաճնշման միջոցով պահպանել իշխանության լծակները և երկիրը հինգ տարի ևս անպատիժ կերպով թալանելու հնարավորություն ստանալ։
2. Դրա հետ մեկտեղ, ժողովրդի մեծամասնությունը ևս մեկ անգամ շառաչուն ապտակ հասցրեց ատելի ռեժիմին` պաշտոնական տվյալներով անգամ 42 տոկոս քվե ապահովելով ընդդիմության թեկնածուների օգտին, այն էլ ոչ թե, այսպես կոչված չար, այլ բարի ընտրությունների պարագայում, ինչից դժվար չէ պատկերացնել, թե ընտրակեղծարարության և բռնաճնշումների բացակայության դեպքում քանի իրական ձայն կստանար Սերժ Սարգսյանը։
3. Միջազգային հանրությունն ու դիտորդական առաքելությունները, ինչպես և սպասվում էր, նորից աչք փակեցին ընտրությունների ընթացքում կատարված համակարգային օրինախախտումների վրա և, առաջնորդվելով աշխարհաքաղաքական նկատառումներով կամ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները կայունությանը ստորադասելու սկզբունքով, կրկին սատար կանգնեցին Սերժ Սարգսյանին։ Ի դեպ, նշանակալից է, որ ի տարբերություն 2008-ի ընտրությունների, նրան այս անգամ շնորհավորեց նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը։
4. Հակառակ միջազգային հանրության դիրքորոշմանը, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը, չի ընդունում անցած նախագահական ընտրությունների արդյունքները և, հետևաբար, Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության օրինակարգ նախագահ չի համարում, ինչպես չի համարել նրա կառավարման ողջ առաջին ժամկետում։ Ընդ որում, ընտրական գործընթացների նկատմամբ Հայաստանի ժողովրդի դրսևորած անվստահության փաստն այնքան ակնհայտ է, որ դա հարկադրված են ընդունել ու խիստ մտահոգիչ համարել նույնիսկ միջազգային կազմակերպությունները։ Մինչդեռ մտահոգիչ համարելուց բացի, սկզբունքային ու հետևողական լինելու դեպքում, այդ կազմակերպությունները տվյալ փաստից պետք է անեին բոլորովին այլ եզրակացություն, ինչը, սակայն, ըստ երևույթին, չի մտնում նրանց հաշիվների մեջ։
5. Կառավարման երկրորդ ժամկետում ձեռնարկած առաջին իսկ քայլերը, մասնավորապես Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելու փաստը և Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում «վերընտրելուն» ուղղված ահռելի ջանքերը, ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը, արբեցած ու ոգևորված միջազգային հանրության օրհնությունից, թքած ունի երկրի հասարակական կարծիքի վրա և ամենևին մտադիր չէ ոչ միայն հրաժարվելու ավազակապետության մինչ այժմ որդեգրած հանցավոր վարքագծից, այլև թեկուզ չնչին բարեփոխումների որևէ տրամադրություն ցուցաբերելու։ Ուստի կասկած չկա, որ առաջիկա տարիներին, ինչպես անցյալում, նա առաջնորդվելու է ոչ թե երկրի ու ժողովրդի շահերով, այլ 2018 թվականին որևէ մի հարմար ժառանգորդի կերպարանքով ռեժիմի վերարտադրությունն ապահովելու անթաքույց նպատակադրությամբ։
6. Ասվածը չի նշանակում, անշուշտ, որ ռեժիմը չի զբաղվելու կեղծ-բարեփոխումների բեմականացմամբ կամ հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարի նմանակությամբ (իմիտացիայով)։ Ընդհակառակը, նման տիպի թատերական միջոցառումները գնալով շատանալու են` մի կողմից հասարակությանը մոլորեցնելու, մյուս կողմից` արտաքին աշխարհին հաճոյանալու ու նրա գովեստներին արժանանալու նպատակով։ Իրականում, սակայն, կեղծ-բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ Սերժ Սարգսյանը փորձելու է լուծել ռեժիմի ոչ-լոյալ տարրերից ազատվելու ու նրանց հաշվին սեփականության վերաբաշխման և երկրի հարստությունը իրեն հավատարիմ ավելի նեղ շրջանակի ձեռքում կենտրոնացնելու խնդիրը, այն դիտելով որպես վերը նշված միակ նպատակի իրագործման, այն է` 2018-ին ռեժիմի վերարտադրության, նույնն է թե, սեփական անձեռնմխելիության ապահովման գրավականը», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
ՀԱԿ ղեկավարի խոսքով՝ ինքն այդ արձանագրումները կատարել է ոչ թե հասարակության մեջ անելանելիության կամ հուսահատության սերմեր ցանելու, այլ բացառապես ընդդիմության քաղաքական հաշվարկները իրական ելակետերի վրա հիմնելու և Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա գործունեության ընթացքում ճիշտ խնդիրներ դնելու ու հնարավոր ելքեր գտնելու նպատակով։
«Անկախ կատարված արձանագրումներից, Սերժ Սարգսյանի շահած չակերտավոր երկրորդ «հաղթանակն» ամենևին չի նշանակում, թե նա այսօր ավելի ուժեղ է, քան իր կառավարման առաջին ժամկետում։ Ընդհակառակը, բոլոր հիմքերը կան պնդելու, որ այսօր նա շատ ավելի թույլ է, քան անցած հինգ տարիների ընթացքում, և որ օր-օրի նա ավելի է թուլանալու։ Դրա նշաններն են` նախորդ հնգամյակում կուտակված ձախողումների անթաքուցանելի բեռը, ռեժիմի և անձամբ Սարգսյանի դեմ անընդհատ խորացող համաժողովրդական ատելությունը, երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների բարդացումը, իշխանական ճամբարում սկիզբ առած և ծավալման միտումներ դրսևորող գզվռտոցը, ինչպես նաև ժառանգորդի թեկնածության շուրջ ծագելիք անխուսափելի հակամարտությունը։ Ուստի եթե դեռ կան մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի «վերընտրություն» կոչվածը հաղթանակ են համարում, ապա շուտով կհասկանան, որ դա ընդամենը պյուռոսյան հաղթանակ է, այն էլ` տարած ոչ թե հակառակորդի, այլ սեփական ժողովրդի նկատմամբ։
Երևանի ավագանու ընտրություններն, ըստ այդմ, պետք է դիտարկել ու իմաստավորել բացառապես վերը շարադրվածի կոնտեքստում, և քաղաքական ընդդիմության ռազմավարությունն ու գործնական քայլերի ծրագիրը կառուցել տվյալ հիմքի վրա, այլապես ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ հասարակությունը երաշխավորված չեն լինի հերթական սխալներից ու նոր հիասթափություններից», – հայտարարել է Տեր-Պետրոսյանը։