ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խնդիր չի տեսնում նրանում, որ երեկ Ազգային ժողովում որոշվել է հետաձգել Մարտի 1-ի դեպքերի քննությամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քվեարկությունը:
«Մեզ արդյունքն է հետաքրքիր, եթե նույնիսկ երեք շաբաթ հետո դրական արդյունք կլինի, այդ շանսը պետք չէր կորցնել», – «Հրապարակի» հետ զրույցում ասել է Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը նշել էր, որ իշխող կուսակցության խմբակցությունը դեռևս քննարկում է առաջարկը, և իրենց որոշակի ժամանակ է պետք՝ նախագծի վերջնական տարբերակ ունենալու համար:
«Հրապարակի» հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն երաշխիքներ է տվել, որ կհամաձայնի հանձնոժողով ստեղծել, ՀԱԿ խմբակցության քարտուղարը պատասխանել է. «Երաշխիք չկա, երբեք, բայց եթե իրենք առաջարկում են, որ դա կարող է նպաստել համատեղ լուծում գտնելուն, մենք այդ հնարավորությունը պետք է իրենց տայինք»:
Անդրադառնալով իր ղեկավարած ՀՀՇ կուսակցության՝ ՀԱԿ վերանվանելուն, Մանուկյանն ասել է, որ նոր կուսակցությունում իրեն լավ է զգում:
«Մենք 5 տարի է արդեն՝ նոր ռեժիմով ենք աշխատում, սա ամենևին էլ նոր իրավիճակ չէ, մենք ուղղակի ֆիքսեցինք այն, ինչ կար։ ՀՀՇ-ն իր ամբողջ ծավալով, իր գործունեությամբ, իր մարդկային և այլ ռեսուրսներով միշտ աշխատել է, ՀԱԿ կազմի մեջ քաշող հիմնական ուժերից մեկն է եղել, հիմա էլ այդպես է։ Մենք ուղղակի ֆիքսեցինք այն, ինչ կար, և շահեցինք այն 2 հազար ակտիվիստը, որոնք իսկապես ակտիվիստ էին, բայց այսօր արդեն կուսակցական դարձան։ Ես հանդիպել եմ Եվրոպայի լիբերալ կուսակցության նախագահի հետ ու ստացել եմ նրա շնորհավորանքը, և կուսակցության ընդլայնման առումով մեզ համար շատ ավելի լավ է, – ասել է Մանուկյանը։