Home / Հայաստան / ՀՀԿ-ակաները սիրում են հայրենիքը, բայց միայն գույքի տեսքով. Զուրաբյան

ՀՀԿ-ակաները սիրում են հայրենիքը, բայց միայն գույքի տեսքով. Զուրաբյան

Իշխանությունների խոսքն ու գործն իրար չեն համապատասխանում: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ մի շարք օրինակներ բերելով:

Նա, մասնավորապես, անդրադարձել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի նշանակմանը՝ հիշեցնելով, որ վերջինս 2004 թվականին դաժանորեն խոշտանգել է ընդդիմադիր ակտիվիստի: ՀԱԿ փոխնախագահը այդ նշանակումը անտրամաբանական է համարել՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի և, մասնավորապես, ՀՀ ոստիկանապետի քրիստոնեական արժեքների մասին անընդհատ խոսելը:

Զուրաբյանը նաև ասել է, որ իրեն ամենանժդեհական ուժը համարող կուսակցության քաղաքապետ Տարոն Մարգարյանը մի քանի տարվա ընթացքում հասցրել է արաբական շեյխի նման ունեցվածք կուտակել:

Ելույթ ունեցողը նշել է, որ, գուցե, ՀՀԿ-ակաները սիրում են հայրենիքը, բայց միայն գույքի տեսքով:

«Քրիստոնեության, պարկեշտության դասեր տալիս են այն մարդիկ, ովքեր թալանով ու բռնությամբ են զբաղվել տարիներ շարունակ», – նկատել է Զուրաբյանը՝ հավելելով, որ եթե ընդդիմադիր ուժերը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ընտրություններին չկարողանան քաղաքական մենաշնորհի դեմ փոքրիկ հաղթանակ տանել, ապա կհայտնվեն արտագաղթի, պետության քայքայման վտանգի և ճահճի մեջ: