Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան և Երվանդաշատ համայնքները չունեն համապատասխան տրանսպորտի միջոց, որով կկարողանան գնալ Արմավիր քաղաք և վերադառնալ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է համայնքների բնակիչներից:
Թերթը գրում է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից հետաքրքրվել է, թե այս ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում:
«Եթե ձեզ թվում է, որ դուք շատ եք շահագրգռված, ապա չարաչար սխալվում եք: Արդեն որերորդ ամիսն է՝ այդ գծատերը հրաժարվում է գիծը սպասարկելուց, որովհետև շահույթ չի ստանում: Հիմա էլ ասում է, որ էլ չի շարունակելու: Մենք էլ նոր մրցույթ կհայտարարենք: Եթե որևէ մեկը կցանկանա, ապա կարող է մասնակցել մրցույթին»,- ասել է մարզպետը:
Թերթի թղթակցի հարցին, թե ինչու մինչ օրս չի հայտարարվել մրցույթը, Ղահրամանյանը պատասխանել է. «Դիմեք մարզպետարանի լրատվական ծառայություն, կպատասխանեն»:
«Ժողովուրդ»-ը գրում է, որ Ղահրամանյանը պարբերաբար այցելում է նշված համայնքներ՝ Արաքս գետում ձկնորսություն անելու համար: