Երևանի նոր քաղաքապետը չի ունենալու բիզնես և նրա բարեկամները ևս չեն ունենալու բիզնես, ինչպես նաև Երևան «Վոլոչկովա չեն բերելու»: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ իրենց դաշինքի ավագանու անդամները սպասարկելու են միայն քաղաքացու շահերը, ինչպես դա անում են «Ժառանգության» պատգամավորները, ինչպես նաև դաշինքում ընդգրկված այլ ուժերի ներկայացուցիչները:
Մարտիրոսյանն ասել է, որ Երևանի նոր ավագանին թույլ չի տալու, որ քաղաքապետը իր պաշտոնավարման ընթացքում 500-ից ավելի անգամ հարստանա, որ պետական ռեսուրսները «ատկատի» աղբյուր հանդիսանան, և մի փոքր դալանը 300 հազար դրամով զարդարվի:
«Երևանում մեծ գումարներ են կուտակվելու և առաջանալու: Մետրոյի նոր կանգառ ենք կառուցելու, ճանապարհների որակը բարելավելու ենք. առանց «ատկատի» գումար ենք տրամադրելու ու պահանջելու ենք որակ: Երևանում տրանսպորտի խնդիրը լուծվելու է: Թեքված վիճակում միկրոավտոբուսներում փոխադրում չի լինելու», – մասնավորապես, ասել է քաղաքապետի թեկնածուն:
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետը տրանսպորտային երթուղիների տեր չի լինելու և անձնական շահագրգռվածություն չի ունենալու, որ խոշոր շահույթ ստանա:
«Կառուցապատման խնդիրը դարձնելու ենք քաղաքացիների քննարկման առարկա: Հնարավոր է , որ մենք բակերում տեղական հանրաքվե կազմակերպենք, որպեսզի որոշենք այդ համայնքների խնդիրները», – ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է մայիսի 9-ի ընտրություններին, ապա, Մարտիրոսյանի խոսքով, իրենց հանձնաժողովի անդամները պատրաստ են համագործակցել այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք պայքարեու են արդար քվեարկության համար: