«Մայիսի 5-ից հետո Անդրանիկի որդի Տարոնը այլևս չի լինելու Երևանի քաղաքապետ», – այսօր Ազատութան հրապարակում հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ մայիսի 5-ից հետո Երևանում ձևավորվելու է բոլորովին նոր իրավիճակ:
«Մենք ունենք աննախադեպ հնարավորություն՝ Երևանը ժողովրդին վերադարձնելու համար: Իրական Հայաստանում ոչ մեկը 40 տոկոս չի վերցնում: Պատրաստվեք բոլորը՝ Դաշնակցություն, ՀԱԿ, «Բարգավաճ», Հանրապետական (եթե ուզում եք կեղծիքից դուրս գալ), «Օրինաց», «Առաքելություն» և Երևանի բնակիչ: Ունենալու ենք նոր վիճակ, և այդ վիճակն առանց «Բարև Երևան»-ի չի լուծվելու», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» ղեկավարը նշել է, որ կարևոր չէ, թե որքան մարդ կա Ազատության հրապարակում՝ 5 հոգի, թե՝ 50 հազար: Նրա խոսքով՝ հայաստանցիներն ուզում են նոր Երևան, նոր Հայաստան, նոր Իջևան, նոր Կապան, նոր Աբովյան, նոր Վանաձոր, նոր Գյումրի:
«Պայքարն ընթացքի մեջ է: Հարգանք բոլոր մեր մրցակիցներին: Եթե հայ ժողովուրդն ուզում է կուսակցակռիվ, թող ում ուզում է տա իր քվեն: Մյուս ընտրություններում իմ ձայնը սիրով կտամ իմ ընկեր Արմեն Ռուստամյանին, Վահագն Խաչատրյանին, Օսկանյանին: Բայց այսօր մենք ունենք ծրագիր ոչ թե տանը նստելու, այլ Երևանը ժողովրդին վերադարձնելու համար: Եվ կա մի ցուցակ: Բացեք [«Բարև Երևան» դաշինքի ցուցակի] կենսագրությունները: Համեմատեք մեր թեկնածուներին մյուսներին», – ասել է Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ իրենց ոչ մի բան հետ չի պահելու ապրիլի 9-ին տված երդումից:
«5 տարի այս իշխանությունը չի նստելու Բաղրամյան 26-ում», – հայտարարել է Հովհաննիսյանը: