Home / Հայաստան / «Ոչ ազատ մամուլ». Հայաստանը մամուլի ազատության մակարդակով աշխարհում 134-րդն է

«Ոչ ազատ մամուլ». Հայաստանը մամուլի ազատության մակարդակով աշխարհում 134-րդն է

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, գնահատելով աշխարհում մամուլի ազատության մակարդակը, Հայաստանը դասել է ոչ ազատ երկրների շարքում: Այս մասին նշված է կազմակերպության կողմից երեկ հրապարակված զեկույցում:

Հայաստանը աղյուսակում 61 միավոր է հավաքել և գտնվում է 134-րդ տեղում: Անցյալ տարի մեր երկիրը 65 միավոր ուներ: Այսպիսով, Հայաստանը մոտեցել է մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների շարքին, որտեղ ընդգրկված պետությունների նվազագույն ցուցանիշը 60 միավորն է: Նշենք, որ զեկույցը գնահատում է մամուլի ազատության մակարդակի վրա ազդող երեք գործոններ՝ իրավական, քաղաքական և տնտեսական: Որքան քիչ միավոր է հավաքում երկիրը, այդքան բարձր է տվյալ պետությունում մամուլի ազատության աստիճանը: Freedom House-ը Հայաստանում իրավական մթնոլորտը գնահատել է 19 միավորով, տնտեսականը՝ 20, իսկ քաղաքականը՝ 22 միավորով (հանրագումարը 61 միավոր):

Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանի աճը պայմանավորված է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում մամուլի կողմից իրադարձությունների «ավելի ազատ և հավասարակշռված լուսաբանումը»:

Մասամբ ազատ երկրների շարքում է ընդգրկված Վրաստանը: Հայաստանի հյուսիսային հարևանը 12 միավոր ավել է հավաքել և գտնվում է աղյուսակի 96-րդ հորիզոնականում: Մամուլի ազատության մակարդակով մասամբ ազատ է նաև Թուրքիան, որը 56 միավորով զբաղեցնում է 120-րդ հորիզոնականը:

Ռուսաստանը (81 միավոր, 176-րդ տեղ), Ադրբեջանը (82, 177) և Իրանը (92, 191) ոչ ազատ երկրների շարքին են դասվել:

Freedom House-ի գնահատմամբ, մամուլի ազատության մակարդակով առաջին հորիզոնականը 10 միավորով բաժանում են Նորվեգիան և Շվեդիան: