ՀՅԴ-ն նպատակ է դրել քաղաքային ընտրությունները վերածել անվտասհության հանրաքվեի, որտեղ երևանցիները իրենց միասնական հերթական «ոչ»-ը կասեն իշխանությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակի առաջին համարը՝ Արմեն Ռուստամյանը:
Ըստ ՀՅԴ-ական գործչի՝ իր կուսակցության երկրորդ խնդիրն է միայն, որ ընտրողները վստահեն Դաշնակցությանը. առաջնահերթը իշխանությանը ձայներ չտալն է:
Բանախոսն ընդգծել է, որ անգամ փոքր գյուղերում Հանրապետականները չեն ցանկանում պարտվել, ուստի կարելի է ենթադրել, որքան բարդ է լինելու հաղթանակ տոնել Երևանում: Սակայն այդ հաղթանակը կարևոր հանգրվան կլինի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պայքարի ընթացքում:
Այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ իրենց ընդդիմություն հռչակած ուժերից որևէ մեկին իշխանություններն «իրենցով անեն», Ռուստամյանը պատասխանել է, թե բոլոր նրանք, ովքեր վաճառվելու էին, արդեն դա արել են, և հիմա ջրբաժանը հստակ է:
Ռուստամյանը հավաստիացրել է, որ ոչ մի դեպքում չեն պատրաստվում մանդատները վայր դնել ընտրվելու դեպքում: Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը պետք է հայտարարությամբ հանդես գան՝ հավաստիացնելով ընտրողներին, որ Երևանի ավագանիում հայտնվելու դեպքում իրենք չեն քվեարկի ՀՀԿ-ական քաղաքապետի թեկնածուի օգտին:
ՀՅԴ-ականը նաև կարևորել է ընտրատեղամասերում ձայները պահելու հարցը՝ նշելով, որ դա հնարավոր է, քանի որ ներկա ընտրություններին ընդդիմադիր ուժերը բավական շատ մարդկային ռեսուրսներ ունեն: