Մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին տեղամասերում հետևելու իրավունք ստացած տեղական կազմակերպությունների թիվը համընկնում է նախագահի ընտրությունների ժամանակ հավատարմագրվածների թվին: Երկու դեպքում էլ հավատարմագրվել է 26 կազմակերպություն: Բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առկա տեղեկատվությունից պարզվում է, որ ավագանու ընտրություններին 360-ով ավելի տեղական դիտորդներ կարող են լինել ընտրատեղամասերում: Այս մասին գրում է azatutyun.am կայքը:
Մեծաքանակ դիտորդների բանակով ընտրություններին հետևելու իրավասություն է ստացել, մասնավորապես, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա», հասարակական կազմակերպությունը՝ 1544 դիտորդներով: Նախագահական ընտրությունների դիտորդական առաքելություն չիրականացրած այս հասարակական կազմակերպության հիմնադիրը և նախագահը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է:
«Այս հասարակական կազմակերպությունն ամենամեծն է՝ դիտորդների քանակով: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, քաղաքացիական ակտիվությամբ հայտնի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին հաջողվել է գրանցել ընդամենը 134 դիտորդի», – գրում է azatutyun.am-ը: