Արմավիրի մարզի դատարանում շարունակվում է զինծառայողի կողմից աղջկան առևանգելու և բռնաբարելու գործով դատավարությունը։ Սերժանտ Մ.Արսենյանը և կրտսեր սերժանտ Գ.Մանուկյանը մեղադրվում են Արևանից 28-ամյա աղջկան առևանգելու և Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտակայքում վերջինիս կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:
Մեղադրյալները ծառայել են ՀՀ ոստիկանության զորքերում. Գ.Մանուկյանը եղել է N զորամասի հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի, 3-րդ վաշտի 3-րդ դասակի մարտական 2-րդ խմբի հրաձիգ, կոչումով կրտսեր սերժանտ, իսկ Մ.Արսենյանը՝ նույն գումարտակի նույն վաշտի մարտական 1-ին խմբի հրամանատար, կոչումով սերժանտ։ Ըստ մեղադրանքի, նախնական համաձայնությամբ նախորդ տարվա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի և Իսակովի պողոտայի հատման խաչմերուկից մի խումբ անձանցով, նրանք առևանգել են Արարատի մարզից 28-ամյա աղջկան, բռնությամբ նստեցրել են Մ. Արսենյանի վարած «Մերսեդես Բենց» ավտոմեքենան և տարել Արգավանդ գյուղ:
Սակայն աղջկա բղավոցները կանխելու նպատակով՝ նրան բռնությամբ մեքենայից իջեցրել և տեղափոխել են բեռնախցիկ։ Հասնելով Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտակա տարածք՝ մեքենայից իջեցրել են և նրա կամքին հակառակ սեռական հարաբերություններ ունեցել նրա հետ:
Մանուկյանի և Արսենյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Երկու ամսվա ընթացքում դատարանում այս գործով տեղի է ունեցել 3 դատական նիստ։