Ի տարբերություն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունների, որոնք հիմնականում վարձակալում են գույքը, Հանրապետական կուսակցության գույքը սեփական է: Այսպիսի դիտարկմամբ է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ ընդգծելով, որ ոչ միայն ՀՀԿ-ի անդամներն են հարուստ, այլ նաև ինքը՝ կուսակցությունը:
Այդ համատքեստում Սաքունցը նշել է, որ պետք է դիտարկվի ոչ միայն ՀՀԿ-ի ցուցակի առաջին համար Տարոն Մարգարյանի, այլև ողջ կուսացկության ունեցվածքի օրինականության հարցը:
Սաքունցը կարծիք է հայտնել, որ ՀՀԿ-ն այս անգամ էլ, ինչպես նախորդ ընտրություններին, կիրառելու է մարզերից Երևան մարդկանց բերելու մարտավարությունը: Իրավապաշտանի խոսքով՝ նախագահական ընտրություններին մարդկանց բերել են ոչ միայն ավտոբուսներով, այլ նաև սեփական մեքենաներով, և նույնը կարող է կրկնվել Երևանի ընտրություններին:
Արթուր Սաքունցը նշել է, որ հայաստանյան ընտրությունների ընթացքում լրջագույն խնդիրն է այն է, որ ընտրությունից հետո քվեարկած մարդկանց ցուցակները չեն հրապարակում, և դա դառնում է ընտրախախտումների մեխանիզմներից մեկը, որովհետև իշխող ուժը ձայներն ապահովում է «մեռյալ հոգիների» հաշվին: