ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում ամփոփել է ընտրապայքարի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած գաղափարական գլխավոր ուղերձները:
Օսկանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
1. Սա քաղաքական նշանակության ընտրություն է: Երբ ԲՀԿ-ն առանձին կամ ոչ իշխանական մյուս ուժերի հետ համագործակցությամբ քաղաքի իշխանությունը վերցնի, քաղաքական համակարգում կստեղծվի լրջագույն քաղաքական հակակշիռ, որը և կլինի հանրապետությունում խորքային, համակարգային փոփոխությունների սկիզբը: Ակնհայտ է, որ այսօր մեր առաջընթացի, զարգացման և ժողովրդավարության ամրապնդման գլխավոր խոչընդոտը քաղաքական մենաշնորհն է: Առանց այդ մենաշնորհը վերացնելու մենք չենք կարող վերացնել մեր հասարակությունում առկա մյուս թերությունները և չենք կարող երկիրը դնել զարգացման ճիշտ ճանապարհի վրա:
2. Սա տնտեսական նշանակության ընտրություն է: Երևանն իր տնտեսական հնարավորություններով, քաղաքապետի և ավագանու սահմանադրական լիազորություններով կարող է ոչ թե կատարողի դերում լինել, այլ թելադրողի: Պատկերավոր ասած՝ Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի վարչապետն է, որը կարող է իր ուրույն տնտեսական քաղաքականությունը վարել, աշխատատեղեր ստեղծել, արտաքին ներդրումներ ներգրավել և, անկախ կառավարության կամքից, լուծել երևանցիների առջև ծառացած կենցաղային խնդիրները: ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում մենք լավագույնս օգտագործելու ենք քաղաքապետարանի տնտեսական լծակները՝ այլընտրանք լինելով կառավարության անարդյունավետ տնտեսական քաղաքականությանը, և ժողովրդի առօրյա կենցաղային խնդիրները լուծելու միջոցով տնտեսական գլխավոր թիրախ ենք դարձնելու տնտեսական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը և կենսամակարդակի բարձրացումը:
3. Սա քաղաքային նշանակության ընտրություն է: ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում մենք առաջին հերթին փոխելու ենք քաղաքի կառավարման փիլիսոփայությունն ու մոտեցումները: Մենք հանդես ենք գալու ոչ թե որպես կառավարողներ, այլ քաղաքացիների կողմից ընտրված մարդիկ, որոնք լինելու են նրանց գործընկերները և հնարավորինս արագ լուծելու են նրանց առաջ ծառացած խնդիրները: Այս մեկ ամսվա ընթացքում մենք եկանք այն համոզման, որ չկա քաղաքացիների կողմից բարձրացված որևէ հարց, որը հնարավոր չլինի լուծել թեկուզ քաղաքի այսօրվա բյուջեի միջոցներով: Երևանի բյուջեից կորուստներն ու մսխումները շատ են: Քաղաքային իշխանությունները չեն կարողացել իրենց առաջ դնել ճիշտ առաջնահերթությունները: Մենք նվազագույնի կհասցնենք այդ կորուստները: Նույնիսկ կարելի է բոլոր ոչ առաջնահերթ և խիստ էական ծախսումների մորատորիում հայտարարել: Մենք կհստակեցնենք քաղաքի և ժողովրդի առաջնահերթությունները և ռեսուրսները կուղղենք բնակչության կենսական խնդիրների լուծմանը: Մենք հատկապես ձեռնամուխ կլինենք քաղաքի բյուջեն ընդլայնելուն՝ ստեղծելով նոր արժեք քաղաքի բոլոր վարչական շրջաններում, և խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար դրամաշնորհներ ու արտաքին ներդրումներ կներգրավենք:
Ընտրարշավի ավարտին ես կարող եմ վստահությամբ ասել, որ մեր հասարակությունը գիտակցում է այս ընտրությունների կարևորությունը: Մենք ոչ միայն այլընտրանք չունենք երկրում փոփոխություններ չիրականացնելու, այլև ժամանակ չունենք՝ հաշվի առնելով երկարաձգվող տնտեսական և քաղաքական լճացումը և ահագնացող արտագաղթը:
Մայիսի 5-ը, ըստ էության և ըստ ժամանակի, ստեղծում է այնպիսի հնարավորություն, որը առաջին հերթին հույս կներշնչի մեր հասարակությանը և Հայաստանում էական տեղաշարժերի և արդյունքների նախակարապետը կլինի: